Արցախում 183 երեխա ծնվել է շրջափակման մեջ, 4700 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

շրջափակում

Արցախի հանրապետության օպերատիվ շտաբը ներկայացրել է շրջափակման 51-րդ օրվա ամփոփ տվյալները։ Ըստ այդմ՝ 9 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:

12 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում է։

Արդեն 183 երեխա ծնվել է շրջափակման մեջ:

ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով 530 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։

Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 55 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։

Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 4,700 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։

Ավելի քան 19,600 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը:

--00—ԼՄ