«Պատրոն Դավոյին» կալանավորելու միջնորդությունը դատարանը բավարարել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

35b8bebc49ec8e8ca9dca0d3aa63e1a2_L.jpg

Զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավոն», կալանավորվել է։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, բավարարել է Դավիթ Գալստյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին դատարանից։

Հիշեցնենք, որ Դավիթ Գալստյանը ձերբակալվել է երեկ՝ ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում։ Առ այժմ պաշտոնապես հայտնի չէ, թե կոնկրետ որ գործի շրջանակներում է ձերբակալվել Գալստյանը և ինչ մեղադրանքով, մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ խոսքը Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին առնչվող գործի մասին է, որով ՀՀ գլխավոր դատախազը միջնորդագիր է ներկայացրել ԱԺ՝ պահանջելով թույլատրել քրեական հետապնդում հարուցել Օհանյանի նկատմամբ։

Նշենք, որ Դավիթ Գալստյանի վերաբերյալ սա առաջին գործը չէ։ Գործերից մեկը՝ Դավիթ Գալստյանի, ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ԶՈՒ ԳՇ նախկին պետի և այլ զինվորական բարձրաստիճան պաշտոնյաների վերաբերյալ՝ արդեն դատարանում է՝ ապացույցների հետազոտման փուլում։ Սույն գործով Դավիթ Գալստյանը տևական ժամանակ գտնվել է կալանքի տակ, ապա՝ ազատ արձակվել։ Նրան առնչվող ևս մեկ գործ քննվում էր ԱԱԾ-ում։

--00—ԶՀ