ՀՀ-ն ականապատում է իրականացրել միայն ՀՀ ինքնիշխան տարածքում․ Եղոյան՝ ՄԱԿ-ում Ադրբեջանի մեղադրանքների

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

նկար

Հայաստանի Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն արձագանքել է ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիևի ելույթին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում կազմակերպված դեբատների ընթացքում:

Ադրբեջանի ներկայացուցիչը իր ելույթում  կրկնել է ադրբեջանական քարոզչամեքենայի կեղծ պնդումները, թե Հայաստանը հրաժարվում է իր զորքերն ամբողջությամբ դուրս բերել Լեռնային Ղարաբաղից, ինչպես նաև ականապատման աշխատանքներ է իրականացնում ԼՂ-ում:  Նա նաև պնդել է, թե հայկական կողմը հրաժարվում է տեղեկություններ տրամադրել հակամարտության ընթացքում անհետ կորած բազմաթիվ ադրբեջանցիների մասին: 

ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Եղոյանը «Արմենպրես»-ին տված հարցազրույցում անդրադարձել է ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչի կողմից հնչեցրած մեղադրանքներին:

Հարց - Պարո՛ն Եղոյան, ինչպե՞ս կմեկնաբանեք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում կազմակերպված դեբատների ժամանակ ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչի ելույթը, որում վերջինս հայկական կողմին մեղադրել է իր պարտավորությունները չկատարելու մեջ։

Պատասխան - ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչի անհիմն պնդումները Հայաստանի վերաբերյալ իրականության հետ որևէ աղերս չունեն։ Դրանք միջազգային հանրության առջև Ադրբեջանի ռազմատենչ, առավելապաշտական ու ապակառուցողական դիրքորոշումները և Լեռնային Ղարաբաղն արդեն 48 օր շրջափակման մեջ պահելու և Լեռնային Ղարաբաղի հայությանն էթնիկ զտումների ենթարկելու քաղաքականությունն «արդարացնելու» հերթական անհաջող փորձերն են։ Ադրբեջանի մշտական ներկայացուցչի բոլոր պնդումները հերքվում են հստակ փաստերով։ Այսպես, Հայաստանը դեռևս անցած տարի պաշտոնապես հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներ չկան։ Այս պնդման իսկությունը ստուգելու համար ՀՀ վարչապետի կողմից անգամ առաջարկ է եղել միջազգային փաստահավաք առաքելություն գործուղել Լեռնային Ղարաբաղ, ինչը մերժվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից։ Տրամաբանությունը հուշում է, որ Ադրբեջանը պետք է համաձայներ այս առաջարկին, սակայն մերժումը ցույց է տալիս, որ այս ամենն Ադրբեջանի կողմից ընդամենը քարոզչական հնարք է։ Իհարկե, Լեռնային Ղարաբաղն ունի ինքնապաշտպանական զինված ուժեր, ինչի անհրաժեշտությունը հիմնավորվում է տեղի բնակչությանն Ադրբեջանի ագրեսիվ ու էթնիկ զտումների քաղաքականությունից պաշտպանելու համար։ Որպես բարի կամքի ու հումանիզմի դրսևորում՝ Հայաստանի Հանրապետությունը միակողմանիորեն Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի՝ իր ունեցած բոլոր քարտեզները։ Եվ սա այն դեպքում, երբ հայկական կողմը նման պարտավորություն չի ունեցել ինչպես եռակողմ հայտարարությունների, այնպես էլ՝ միջազգային իրավունքի շրջանակներում։ Ավելին, Հայաստանը պատրաստակամություն է հայտնել միջազգային գործընկերների հետ համագործակցաբար աջակցել փոխանցված քարտեզների վերծանելու գործընթացին։

Կարևոր հանգամանք է նաև այն, որ Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում ականներ տեղադրվել են դեռևս ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում, հիմնականում Ադրբեջանի կողմից, և ականազերծման աշխատանքների համար համապատասխան միջազգային կառույցների մուտքն այդ տարածաշրջան խոչընդոտվել է հենց Ադրբեջանի կողմից:

Հարց - Բայց, այնուամենայնիվ, ադրբեջանցի պաշտոնյան իր ելույթում Հայաստանին մեղադրել է «ականային ահաբեկչություն» իրականացնելու մեջ։ Նույն պնդումները հնչել են նաև ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործի լսումների ժամանակ:

Պատասխան - Ադրբեջանի պնդումները, թե իբր ՀՀ-ն ներկայումս ականապատում է իրականացնում Լեռնային Ղարաբաղում, նույնպես իրականությանը չեն համապատասխանում։

Հայաստանի Հանրապետությունն ականապատում իրականացրել է միայն ՀՀ ինքնիշխան տարածքում և դա արել է զուտ ինքնապաշտպանական նպատակներով, քանի որ Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի է ենթարկվել 2021 թ. մայիսին, 2021 թ. նոյեմբերին և 2022 թ. սեպտեմբերին: Այն ականները, որոնք քարոզչական նպատակներով ի ցույց է դնում ադրբեջանական կողմը և հայտարարում, թե դրանք 2021 թ. արտադրության են ու Լաչինի միջանցքով Հայաստանից Լեռնային Ղարաբաղ են տեղափոխվել վերջերս, իրականում Ադրբեջանի մոտ են հայտնվել 2021-2022 թթ. Հայաստանի Հանրապետության նկատմամբ իրականացված ադրբեջանական ագրեսիայի հետևանքով օկուպացված ՀՀ տարածքից:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

--00—ԼՄ