Ավտովթար՝ Երևան-Իջևան ճանապարհին․ վարորդը և 2 ուղևորները մահացել են․ ՔԿ մանրամասներ է ներկայացնում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

1

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ 2023 թվականի հունվարի 30-ին Երևան-Իջևան ավտոճանապարհին տեղի ունեցած՝ երեք անձի մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով՝ 2023 թվականի հունվարի 30-ին՝ ժամը 23։40-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի 20-ամյա բնակիչը, վարելով «Mercedes C 180» մակնիշի ավտոմեքենան, Երևան-Իջևան ավտոճանապարհի 53 կմ հատվածում՝ Երևանի ուղղությամբ ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել, որի հետևանքով հրդեհ է բռնկվել ավտոմեքենայում և այն ամբողջությամբ այրվել է:

Վարորդը և երկու ուղևոր տեղում մահացել են, ևս երկու ուղևոր, մարմնական վնասվածքներով,  տեղափոխվել են բժշկական կենտրոններ:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 342 -րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել են արյան նմուշներ, նշանակվել  դիակի դատաբժշկական, դատաբժշկական և դատաքիմիական փորձաքննություններ: Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան բաժնի աշխատակիցներին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ԼՄ