Ռուբեն Վարդանյանին է ներկայացվել պարենի, բենզինի և դիզվառելիքի շուկաներում ընթացիկ իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

photo_2023-01-31_16-10-55

Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի ունեցած շտաբի նիստում քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման պայմաններում բնակչության կենսագործունեության ապահովմանը վերաբերող մի շարք հարցեր:

Ներկայացվել է պարենային ապրանքների, բենզինի և դիզվառելիքի շուկաներում, ենթակառուցվածքների ոլորտում ընթացիկ  իրավիճակը:

Զեկուցվել է, որ կտրոնային համակարգի ներդրումը որոշակի չափով մեղմել է պարենային խնդիրը, սակայն շրջափակման հետևանքով  բնակչությունը շարունակում է զրկված մնալ մի շարք կարևոր ապրանքատեսակներ ձեռք բերելու հնարավորությունից:

Ինչ վերաբերում է բենզինի և դիզվառելիքի շուկայում իրավիճակին, ապա նշվել է, որ առկա է պաշարների սղություն և կարևորվել է խիստ խնայողական ռեժիմի պահպանումը:

Նիստի ընթացքում քննարկվել են նաև գարնան գյուղատնտեսական աշխատանքների  նախապատրաստական և գարնանացանի կազմակերպման հարցեր: Պետնախարարը գարնանացանի՝ պատշաճ ժամկետներում իրականացման խնդիրը կարևոր է համարել հատկապես պարենային անվտանգության տեսանկյունից՝ նշելով, որ սերմերի տեղափոխման հետ կապված ներկայումս  աշխատանքներ են իրականացվում:

Հաշվի առնելով, որ օպերատիվ շտաբի անդամներն արդեն ավարտել են  համայնքներում  բնակչության հետ  հերթական հանդիպումների շարքը՝ պետնախարարը պատասխանատուներին  հանձնարարել է ամփոփել բարձրացված հարցերը և դրանց  լուծման վերաբերյալ առաջարկներ ներկայացնել:

--00—ՅՄ