Անետա Բաբայանն ազատվել է պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

․

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հունվարի 27-ին որոշում է ստորագրել՝ պաշտոնանկ անելու վերաբերյալ։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝

  1. Անետա Բաբայանին 2023 թվականի հունվարի 30-ից ազատել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդականի պաշտոնից»,-նշվում է որոշման մեջ։

Նշենք, որ Բաբայանը այս պաշտոնում նշանակվել է 2021-ի օգոստոսին։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում նշվում է․ «Հարգելի ընկերներ,

Այսօրվանից դիմումիս համաձայն ազատվել եմ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդականի պաշտոնից։

Մեծ պատիվ էր ինձ համար գրեթե 12 տարի ծառայել պետական համակարգում, իսկ վերջին 4 տարիները՝ նման առանցքային օղակում, ինչպիսին Վարչապետի աշխատակազմն է։

Մարտահրավերներով լեցուն այս ժամանակահատվածում եղել են նաեւ տարբեր նախաձեռնություններ, ծրագրեր, ռեֆորմների պլաններ, որոնց մի մասը հաջողվել է իրականացնել, մյուսները՝ մեկնարկել կամ դրա հիմքերը դնել։

Լիահույս եմ, որ կերտվելու է քաղաքացիակենտրոն, արդյունավետ, նորարար, դինամիկ եւ հաշվետու պետություն՝ հենված մերիտոկրատիայի եւ պրոֆեսիոնալիզմի ընկալման վրա։

Այս ամենի շուրջ «երազանքներս» ամփոփվել են Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությամբ, եւ վստահ եմ, որ ռեֆորմները կյանքի են կոչվելու։

Շնորհակալ եմ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ համագործակցության եւ աշխատանքային կարեւոր ասպարեզներում ներդրում ունենալու հնարավորության համար։

Շնորհակալ եմ բոլոր գործընկերներիս արդյունավետ համագործակցության համար»,- նշել է նա։

--00--ԱՀ