Իսրայելը փորձում է Արցախից բռնազավթված տարածքները օգտագործել Իրանի վրա հարձակվելու համար. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

Փորձ է արվում Իրանին մեծ պատերազմի մեջ ներքաշել, բայց Իրանը լավ հասկանում է, որ դա ճահիճ է, իրանցիները շտապել չեն սիրում, սիրում են դանդաղ ու հաշվարկված գործել, բայց հաստատ պատասխան հարված է լինելու: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց իրանագետ Ահարոն Վարդանյանը:

«Ռազմավարական առումով Ադրբեջանի հարաբերություններն Իսրայելի հետ շատ խորն են, մեկ անգամ չէ, որ Իսրայելն օգտագործել է Ադրբեջանի տարածքը: Արևելյան Ատրպատական նահանգը սահմանակից է Ադրբեջանին և այնտեղից հեշտ է Իրանի դեմ գործողություններ անելը: Արցախից բռնազավթված Վարանդան, իրենց լեզվով՝ Ֆիզուլին, Ադրբեջանը չի բնակեցնում, այնտեղ միջազգային օդանավակայան է կառուցում, բավական ծանր բեռներ, ինքնաթիռներ փոխադրելու համար, պարզ է, որ Իսրայելը փորձում է օգտագործել Ադրբեջանինորպես պլացդարմ Իրանի դեմ գործողություններ իրականացնելու համար»,- ավելացրեց Վարդանյանը:

Իրանագետը պատահական չի համարում այն հանգամանքը, որ Իրանի վրա հարձակվելուց մեկ օր առաջ Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիկը հանդիպել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։

Նրա խոսքով, Իրանի փորձագիտական դաշտում քննարկվում է այն վարկածը, որ երեկ մի խումբը հարձակվել է Ադրբեջանից: Անդրադառնալով Իրանում ստեղծված իրավիճակի՝ Հայաստանի վրա հնարավոր հետևանքներին, Վարդանյանը նշեց, որ դա չի կարող Հայաստանի վրա չազդել, մեր շահերից է բխում Իրանի ուժեղ ու կայուն լինելը:

«Փաստ է, որ տարածաշրջանում պատերազմ է նախապատրաստվում, բոլորը զինվում են՝ Թուրքիա, Ադրբեջան, Իրանը զորավարժություններ է անում, Ռուսաստանը Ուկրաինայի դեմ է պատերազմում , իսկ մենք փոխանակ զինվենք, խոսում ենք խաղաղության մասին»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ