Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել Ռազմարդյունաբերության կոմիտեի 2022 թ. գործունեության հաշվետվությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

photo_2023-01-30_15-56-31

Նիկոլ Փաշինյանին այսօր ներկայացվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի 2022 թվականի գործունեության հաշվետվությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։

Քննարկմանը մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը, Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտյոմ Մեհրաբյանը և պաշտոնատար այլ անձինք:

Վարչապետին զեկուցվել են կոմիտեի կողմից նախորդ տարվա ընթացքում իրականացված աշխատանքները, մասնավորապես, ռազմարդյունաբերական համալիրի կարողությունների զարգացման, տեղական ձեռնարկությունների հետ համագործակցության, ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսներում հայկական ընկերությունների ներգրավման և այլ ուղղություններով:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է ոլորտի՝ ռազմավարական նշանակություն ունենալու փաստը և կարևորել կոմիտեի արդյունավետ գործունեությունը՝ ռազմարդյունաբերական կարողությունների, սպառազինության և տեխնիկայի արտադրության շարունակական զարգացման ու առկա ներուժի ընդլայնման գործում:

--00—ՅՄ