Չնայած հայտարարությանը՝ Եգիպտոսը գործիքակազմ չունի Երևանի և Բաքվի միջև որպես միջնորդ հանդես գալու

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

Ա

Մինչ Բաքու և Երևան այցելելը, Եգիպտոսի նախագահը Հնդկաստանում էր, Եգիպտոսն այսօր փնտրում է ֆինանսավորման աղբյուրներ երկրի տարբեր պրոյեկտներում ներդրումների համար, հիմնականում ինվեստիցիոն փաթեթների շուրջ են բանակցութունները։ Այս մասին 24News-ին ասաց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Արաբագիտություն ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Հայկ Քոչարյանը՝ անդրադառնալով Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի՝ այցելությանը Հայաստան։

Ըստ արաբագետի՝ տնտեսական տեսանկյունից նաև պետք է դիտարկել ալ-Սիսիի այցելությունը հարավկովկասյան տարածաշրջան․ «Այդքան էլ պարզ չեն Արդբէջանում կնքված պայմանագրերը, բայց բավականին առաջարկներ եղած կլինեն Եգիպտոսից։ Մեր մասով էլ հայտարարվեց, որ ստորագրվել են փոխըմբռնման հուշագրեր, որոնք ունեն ներդրումներին միտված կոմպոնենտներ։ Այս տեսանկյունից Եգիպտոսը վերահաստատել է իր կապերը, հարաբերությունները նշված երկրների հետ առանձին վերցրած։ Թե որքանով կյանքի կկոչվեն ամեն երկրում ձեռք բերված պայմանավորվածությունները ներդրումների վերաբերյալ, ընթացքում կերևա»։

ԵՊՀ Արաբագիտություն ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանի խոսքով, Եգիպտոսը փորձում է բոլոր հնարավոր ֆորմատներով աշխատել տարբեր երկրների հետ՝ լուծելով իր խնդիրները։ «Եգիպտոսի բանակը մարտունակներից մեկն է Մերձավոր Արևելքում։ Բայց Եգիպտոսը նաև ունի այլ խնդիրներ աֆրիկական մայրցամաքում, Միջերկրական ծովում ու փորձ է անում կառուցել իր անվտանգային առանցքները։

Եվ պատահական չէ նաև Հնդկաստան այցելությունը։ Այս կոնտեքստում Եգիպտոսի նախագահը չայցելեց Պակիստան։ Եգիպտոսը մեծ ներդրումներ է անում իր բանակի վրա՝ նրա մարտունակությունը և պաշտպանունակությունը բարձրացնելու համար, ինչն ապահովում է իր տեղն ու դերը Մերձավոր Արևելքում»,- ընդգծեց Քոչարյանը։

Հարցին՝ կփորձի՞ Եգիպտոսը ազդեցություն ձեռք բերել հարավկովկասյան տարածաշրջանում՝ զսպելու ու չթողնելու համար Թուրքիայն ավելի ներգրավվել Մերձավոր Արևելքում ու Հյուսիսային Աֆրիկայում, Քոչարյանը պատասխանեց, որ այստեղ Եգիպտոսի համար բավարար գործիքներ չկան։ «Չնայած հանդիպման ընթացքում հայտարարվեց, որ պատաստ են միջնորդական առաքելությամբ հանդես գալ հայ-ադրբեջանական հակամարտության կոնտեքստում։ Իսկ թե որքանով դա հնարավոր կլինի իրագործել, շատ ավելի մեծ աշխատանք է պահանջում բացի հայտարարություններից։ Այս պահին Եգիպտոսը չունի գործիքակազմ միջնորդական առաքելություն ստանձնելու համար»,- եզրափակեց արևելագետը։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ