Իրանում Ադրբեջանի դեսպանատունը դադարեցրել է աշխատանքը, բոլոր աշխատակիցները տարհանվել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

նկար

Թեհրանում գործող Ադրբեջանի դեսպանատունը դադարեցրել է իր դիվանագիտական առաքելությունը, բոլոր աշխատակիցները տարհանվել են։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ամբողջությամբ դադարեցրել ենք դեսպանատան դիվանագիտական գործունեությունը: Դեսպանատան վարչական շենքի և ունեցվածքի պահպանման հետ կապված՝ այնտեղ 5 մարդ է մնացել, մյուսները դիվանագիտական գործունեություն չեն ծավալի»,- հայտարարել է Խալաֆովը։

Հիշեցնենք՝ հունվարի 27-ի առավոտյան զինված հարձակում էր տեղի ունեցել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա: Միջադեպի հետևանքով սպանվել էր Ադրբեջանի իրավապահ մարմինների դեսպանատան պաշտպանության համար պատասխանատու աշխատակիցը: Եվս 2 մարդ վիրավորում է ստացել։ Բաքուն Իրանից պահանջել էր հանցագործության թափանցիկ հետաքննություն անցկացնել, մեղավորներին պատասխանատվության ենթարկել և կոնկրետ տեղեկատվություն տրամադրել ադրբեջանական կողմին։

--00—ԼՄ