Արգենտինան իր մտահոգությունն է արտահայտում Լաչինի միջանցքում հումանիտար իրավիճակի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

photo_2023_01_27_16_10_33.thumb_

ՀՅԴ Հայ դատի Հարավային Ամերիկայի հանձնախմբի պատվիրակությունը գրասենյակի տնօրեն Արամ Մուրադյանի և հանձնախմբի անդամ Ֆլորենսիա Զանիկյանի մասնակցությամբ, հունվարի 26-ին հանդիպել է Արգենտինայի արտաքին գործերի նախարար Սանտյագո Կաֆիերոյի հետ և ներկայացրել ադրբեջանական հանցագործ քաղաքականության արդյունքում Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը։

ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի պատասխանատուներն արգենտինական կառավարությունից զորակցություն և ճանապարհի ապաշրջափակման պահանջ են ակնկալել։

Հանդիպմանը արգենտինական կողմից նաև մասնակցել են արտաքին քաղաքականության փոխքարտուղար, դեսպան Կլաուդիո Ռոզենցվայգը և եվրոպական հարցերով նախարար Պաբլո Պինեյրոն։

Հանդիպումից հետո արտգործնախարար Կաֆիերոն թվիթերյան գրառմամբ անդրադարձել է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչների հետ հանդիպմանը՝ գրելով․ «Արգենտինան իր մտահոգությունն է արտահայտում Լաչինի միջանցքում հումանիտար իրավիճակի վերաբերյալ և նկատում, որ տեղաշարժի ազատությունը միջանցքում պետք է ապահովված լինի։ Դրա նպատակն է ապահովել բնակչության իրավունքները»։

ՀՅԴ Հայ դատի Հարավային Ամերիկայի հանձնախումբը, ինչպես ՀՅԴ Հայ դատի համաշխարհային ամբողջ ցանցը, շարունակում է աշխատանքներ իրականացնել Արցախի համար միջազգային զորակցության ապահովման և Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումները սաստկացնելու ուղղությամբ։

--00—ՅՄ