Ադրբեջանն ավելի շատ է զբաղված Արցախով, մենք աննախադեպ տնտեսական աճի մասին ենք խոսում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

Ադրբեջանն ամբողջությամբ զբաղված է Արցախի խնդրով, իսկ մենք խոսում ենք աննախադեպ տնտեսական աճի մասին: Երևանը բացի շաբաթը մեկ կոչեր և հայտարարություններ անելուց, ոչինչ չի անում, նման կոչեր կարող են Ուրուգվայն ու Պորտուգալիան անել, մենք չպետք է անտարբեր լինենք մեր ապագայի նկատմամբ: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը:

«Ադրբեջանը 30 տարի պատրաստվում է պատերազմի, բայց Փաշինյանը նոր է հասկացել, ասում է՝ մեզ ուզում են ցեղասպանել, Ադրբեջանի նպատակը Ստեփանակերտն ու Քարվաճառը չէ, նրանց նպատակը Երևանն է, ինչը թելադրվում է Անկարայի կողմից:

2020 թվականի պատերազմի վերաբերյալ վերլուծության հետաքննությունն այդպես էլ չարվեց, ընդդիմությունը ևս ոչինչ չի անում, Հայաստանը հաշտվում է իր բախտի հետ, դա անթույլատրելի է, մեր փոխարեն ոչ մեկ ոչինչ չի անելու»,- ընդգծեց Միքայելյանը:

Անդրադառնալով ԵՄ առաքելության՝ երկու տարով Հայաստան գալու որոշմանը՝ քաղաքագետը նշեց, որ նրանց ներկայությունը միայն աջակցող գործոն կարող է լինել, բայց զսպող դեր չի ունենա. «Ադրբեջանը եթե ցանկանա հարձակվել, ո´չ դիտորդները, ո´չ խաղաղապահները չեն կարող նրանց խանգարել, միակ գործոնը, որ կարող է զսպել Ադրբեջանին, դա հայկական բանակն է»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ