Վարդապետյանը ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձել է Դատախազության բարեփոխումներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

a8bdf2a9-c70e-45c7-aab9-c674d17990a3 (1).jpg

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին և դեսպանի հետ քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

Հայաստանի գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել կազմակերպված հանցավորության և միջազգային բնույթի հանցագործությունների դեմ պայքարի ոլորտում իրավական օգնության և արդյունավետ համագործակցության համար՝ վստահությամբ ընդգծելով, որ փոխգործակցությունը կլինի շարունակական և նոր որակ կհաղորդի հայ-նիդերլանդական հարաբերություններին:

Հանդիպման ընթացքում Աննա Վարդապետյանն անդրադարձել է Դատախազության բարեփոխումների առաջնահերթություններին: Դրանց շարքում ՀՀ գլխավոր դատախազն առանձնացրել է դատախազների ծանրաբեռնվածության հաշվառման և վիճակագրության վարման էլեկտրոնային համակարգի ստեղծման, դատախազների իրավական կրթության կատարելագործման, դատախազների արտաքին հաղորդակցությանն առնչվող վերապատրաստումների կազմակերպման ուղղությամբ աշխատանքներն ու այդ համատեքստում դեսպանի հետ քննարկել նշված ոլորտներում համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները:

Դեսպան Սխերմերսն ընդգծել է, որ Նիդերլանդների Թագավորությունն աջակցում է Հայաստանում օրենքի գերակայությանը, ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանությանն ու այդ համատեքստում կարևորել է Դատախազության դերն ու նշանակությունը: Հայաստանում Նիդերլանդների դեսպանը ՀՀ գլխավոր դատախազի կողմից նշված ուղղություններով համագործակցելու հնարավորությունները քննարկելու պատրաստակամություն է հայտնել:
--00—ԶՀ