Արցախի դատախազությունը՝ ԱրՊՀ ուսանողների իրավունքները խախտվելու վերաբերյալ բողոքի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

timthumb-5

Արցախի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահի՝ ԱՀ կառավարության 20.12.2022թ. թիվ 1307-Ն որոշմամբ ԱրՊՀ ուսանողների իրավունքները խախտվելու մասին ԱՀ գլխավոր դատախազին հասցեագրված բողոքի հիման վրա դատախազության կողմից կատարվել է բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսման վարձի փոխհատուցման գործընթացը կարգավորող իրավական ակտերի ուսումնասիրություն, որի արդյունքներով պարզվել է հետևյալը.

01.03.2021թ. ԱՀ կառավարության կողմից ընդունվել էր 152-Ն որոշումը, որով սահմանվել էր՝

ա) ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում Արցախի Հանրապետությանը հատկացված տեղերով 2020-2021 և 2021-2022 ուսումնական տարիների բակալավրի ընդունելության մրցույթների արդյունքներով ընդունված ուսանողների ուսման վարձի պետական բյուջեից փոխհատուցման կարգը,

բ) Արցախի Հանրապետությունում բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատի և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում սովորող ուսանողների ուսման վարձի պետական բյուջեից փոխհատուցման կարգը:

Նույն որոշման մեջ 24.05.2022թ. կատարվել են փոփոխություններ, որով սահմանվել էր՝

ա) ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում Արցախի Հանրապետությանը հատկացված տեղերով 2020-2021 և 2021-2022 ուսումնական տարիների բակալավրի ընդունելության մրցույթի արդյունքներով ընդունված, ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողների ուսման վարձի պետական բյուջեից փոխհատուցման կարգը,

բ) Արցախի Հանրապետությունում բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատի և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում սովորող ուսանողների ուսման վարձի պետական բյուջեից փոխհատուցման կարգը:

20.12.2022թ. ընդունվել և 30.12.2022թ. ուժի մեջ է մտել Կառավարության հիշյալ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին նոր որոշումը, որով սահմանվել էր՝

ա) ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում Արցախի Հանրապետությանը հատկացված տեղերով 2020-2021, 2021-2022 և 2022-2023 ուսումնական տարիների բակալավրիատի և անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով և կլինիկական օրդինատուրայի ընդունելության մրցույթի արդյունքներով ընդունված, ՀՀ պետական բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողների վարձերի` Արցախի Հանրապետության պետական բյուջեից փոխհատուցման կարգը,

բ) Արցախի Հանրապետության բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում սովորող ուսանողների 2022-2023 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսման վարձերի` Արցախի Հանրապետության պետական բյուջեից փոխհատուցման կարգը:

Վերջին փոփոխությամբ վերանայվել են ուսանողի վարձավճարի փոխհատուցման հիմքերն ու պայմանները, ինչպես նաև սահմանվել է ԱՀ բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում սովորող ուսանողների վարձերի փոխհատուցման ժամանակահատված՝ 2022-2023 ուսումնական տարվա առաջին կիսամյակ:

Ինչպես դիտվում է որոշման սկզբնական տեքստից և 24.05.2022թ. կատարված փոփոխություններից, պետությունը ստանձնել էր Արցախի Հանրապետությունում բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատի և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում սովորող ուսանողների ուսման վարձի պետական բյուջեից փոխհատուցման պարտավորություն՝ առանց ժամկետային սահմանափակման, այդպիսի պարտավորություն ստանձնելով նաև 2022-2023թթ. ուսումնական տարվա առաջին կիսամյակի համար:

Մինչդեռ 22.12.2022թ. Կառավարության կողմից Կարգում կատարվել է փոփոխություններ և դրանք տարածվել են դրան նախորդող ժամանակահատվածի վրա՝ այդպիսով անձի վիճակը վատթարացնող առումով փոփոխելով նախորդող ժամանակահատվածում ստանձնած պարտավորության կատարման պայմաններն ու հիմքերը:

ԱՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն: Սահմանադրական այս դրույթը ենթակա է կիրառման նաև ներկայացված դեպքում:

 Հարկ ենք համարում նաև շեշտել, որ ԱՀ Սահմանադրության 105-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կառավարության որոշումները հաստատում է Հանրապետության նախագահը, որպիսի սահմանադրական պահանջը քննարկվող դեպքում նույնպես պահպանված չէ:

 Բողոքի քննարկման արդյունքներով բողոքաբերին տրվել է գրավոր պարզաբանում:

--00—ՅՄ