Պուտինը հանձնարարել է բանակի կազմը հասցնել 1,5 մլնի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

12

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է բանակի անձնակազմի թիվը հասցնել 1.5 մլնի։ Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների հրամկազմի հետ հանդիպման ժամանակ։

Ինչպես նշել է նա, Կարելիայում ստեղծվելու է նոր բանակային կորպուս, երեք մոտոհրաձգային և երկու դեսանտային դիվիզիաներ, ինչպես նաև վերակազմակերպվելու են Արևմտյան, Արևելյան ու Կենտրոնական ռազմական օկրուգներում յոթ մոտոհրաձգային բրիգադներ։

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով բանակի անձնակազմը համալրելու որոշումը, նշել է, որ այն պայմանավորված է «Ռուսաստանի դեմ Արևմուտքի կողմից սանձազերծված պրոքսի պատերազմով»։ Հավելենք, որ բանակի թվաքանակի ավելացմանը նախորդել է Պուտինի որոշումն Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների հրամանատար նշանակել ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Գերասիմովին։

Ինչպես նշում են ռուսաստանյան պարբերականները, այս նշանակումից հետո հավանական է դառնում ռուսական բանակի հակահարձակումը ռազմաճակատի բոլոր ուղղություններով։

--00—ԱՊ