ԵՄ-ն մտադիր է դիտորդական նոր առաքելություն ուղարկել ՀՀ, այս անգամ առնվազն երկու տարով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

1666356981_7471197.jpg

Ինչպես հաղորդում են «Ազատության» աղբյուրները, դեռ անցած շաբաթ այս նախագիծն ընդունվել է Եվրոպական խորհրդի Քաղաքական ու անվտանգության հանձնաժողովում, երեկ էլ հաստատվել դիտորդական առաքելություններով զբաղվող հիմնական կառույցում՝ Ճգնաժամերի կառավարման քաղաքացիական հարցերի հանձնախմբում: Ընդ որում, ի տարբերություն անցած հոկտեմբերին ուղարկված քառասուն հոգանոց խմբի, որը տեղակայվել էր հայ-ադրբեջանական սահմանին, այս անգամ եվրոպացի դիտորդները պարեկություն կանեն Հայաստանի ողջ տարածքում: Նախորդ առաքելության նման, այս անգամ էլ նրանք անզեն կլինեն:

Թե կոնկրետ քանի դիտորդ է ժամանելու, պաշտոնապես դեռ չի հաղորդվում: Ըստ «Ազատության» տեղեկությունների, սակայն, նոր առաքելության կազմում կլինի մոտավորապես երկու հարյուր եվրոպացի մասնագետ:

«Նրանց առաջնահերթությունն է նպաստել, որ Հայաստանի սահմանային գոտիներում ու հակամարտությունից տուժած շրջաններում միջադեպերը նվազեն, այդ տարածքներում ապրողների համար վտանգները կրճատվեն, և դրանով իսկ նպաստավոր պայմաններ ստեղծվեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար», - ասված է հանձնախմբի եզրակացության մեջ:

Կառույցն առաջարկել է ԵՄ արտաքին գործերի նախարարությանը առաջիկա օրերին մշակել գործողությունների հատուկ պլան, որը կհստակեցնի`ինչ միջոցներով է երաշխավորվելու առաքելության անվտանգությունը, ինչպես են գնահատվելու ռիսկերը, ինչ պաշտպանիչ սարքավորումներ են տրամադրվելու, և կամ անհրաժեշտության դեպքում ինչպես է կազմակերպվելու դիտորդների տարհանումը:

Բացի այդ, առաջարկվում է հստակեցնել Հայաստանի իշխանություններից սպասվող աջակցությունը: Բրյուսելը, մասնավորապես, ակնկալում է, որ Երևանը կստանձնի ռուսական ստորաբաժանումների հետ եվրոպացիների շփումների կամ միջադեպերի կառավարման պատասխանատվությունը, ինչպես նաև անհրաժեշտ անձեռնմխելիություն ու արտոնություն կտա դիտորդներին:

Բաքուն, ի տարբերություն նախորդ երկամսյա առաքելության, այս մեկին հավանություն չի տվել: Ավելին, Ադրբեջանի նախագահը օրեր առաջ քննադատել էր նախաձեռնությունն ու պնդել, թե եվրոպացիներն իրենց խաբել են:

«Մենք Պրահայում քննարկել ու համաձայնել էինք, որ այդ առաքելությունը լինելու է կարճաժամկետ, քառասուն մարդուց բաղկացած և շարունակվելու է միայն երկու ամիս: Բայց հետո, ինչ֊ինչ պատճառներով այս համաձայնությունը խախտվեց, ինչը, անշուշտ, խիստ հիասթափեցնող է: Որովհետև մենք լուրջ մարդիկ ենք, և եթե պայմանավորվել ենք, թեկուզ`բանավոր, պետք է խոսքը պահել: Ի՞նչ է նշանակում երկարաձգել առաքելությունը առանց մեզ հետ համաձայեցնելու, չէ՞ որ դա մեր սահմանների մոտ է լինելու», - ասել էր նա:

Ալիևը նաև պնդել էր, թե այդ քայլով Եվրամիությունը անվտանգությանը չի նպաստում, փոխարենը կասկածի տակ է դնում Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ սկսված բանակցությունները Հայաստանի հետ: Դրանք, ի դեպ, դադարել են դեռ անցած ամիս, երբ Բաքուն չեղարկեց դեկտեմբերի յոթին նախատեսված հանդիպումն ու հրաժարվեց մեկ սեղանի շուրջ նստել Ֆրանսիայի նախագահի հետ: Հիմա Ալիևը սպառնում է նույնը անել նաև Եվրամիության դեպքում:

--00—ԶՀ