Արցախի շրջափակումը առողջապահության ոլորտում ճգնաժամի է հանգեցնում. ՀԲԿ տնօրեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News

175564.jpg

Ադրբեջանի կողմից  Ստեփանակերտ-Գորիս միջպետական ճանապարհի փակման պատճառով Արցախում կա անհրաժեշտ դեղորայքի լուրջ խնդիր։

Այս մասին  «Արցախ։ Շրջափակման մեկ ամիս» խորագրով Երևան-Ստեփանակերտ տեսակամուրջ-կոնֆերանսի ժամանակ ասել է Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Մհեր Մուսայելյանը։

«Մինչ շրջափակումը դեղորայքի ձեռքբերումն իրականացնում էինք Հայաստանի  Հանրապետությունից, և այս պարագայում  չենք կարողանում այլ աղբյուրներից օգտվել։ Սա, բնականաբար, խիստ բացասական ազդեցություն է  ունենում մեր բնակչության առողջական վիճակի մասին հոգ տանելու գործընթացի  վրա։ Պետք է նշեմ, որ կան առողջական լուրջ խնդիրներ ունեցող  արցախցիներ, ովքեր որոշակի պարբերականությամբ մեկնում են ՀՀ և այլ երկրներ` քիմիոթերապիայի, ճառագայթային և լազերային բուժման նպատակով. այդ մարդիկ ևս ճանապարհի փակման հետևանքով զրկվել են այդ  հնարավորությունից»,-տեղեկացրել է գլխավոր բժիշկը։

Նրա խոսքով՝ շրջափակումից հետո  հնարավորություն է ստղծվել ԿԽՄԿ առաքելության միջնորդությամբ և ուղեկցությամբ   16 հիվանդ տեղափոխել Հայաստանի Հանրապետության տարբեր բուժհիմնարկներ։
«Պետք է նշեմ, որ  Արցախի բոլոր բուժհիմնարկներում դադարեցված են բոլոր պլանային վիրահատությունները, որպեսզի կարողանանք մեր պահուստային դեղորայքն պահել սուր դեպքերի համար»,-տեղեկացրեց նա` հավելելով` Հանրապետական բժշկական կենտրոնում մինչև շրջափակումը իրականացնում էին ամսական 250 վիրահատություն, իսկ այս ժամանակահատվածում իրականացվել է 92-ը՝ բոլորը` սուր ցուցումներով։

«Արցախում ունենք երեխաներ, ովքեր ունեն տարբեր հիվանդություններ։ Նրանք հաշվառման են վերցված և  պարբերաբար մեկնում էին Հայաստանի Հանրապետություն` ստանալու համապատասխան բուժօգնություն։ Ունենք  բրոնխիալ ասթմայով հիվանդ 93 երեխա , 66-ը՝ պարբերական հիվանդությամբ, 80-ը՝ էպիլեպսիայով, 16-ը՝ շաքարային դիաբետով, 847 երեխա տառապում է սրտի բնածին արատներով։ Փաստորեն, դեկտեմբերի 12-ից հետո այս երեխաները զրկված են իրենց` բժշկական օգնություն ստանալու իրավունքից»,-մանրամասնել է Մ. Մուսայելյանը և  իրազեկել՝ կան նաև  լաբորատոր հետազոտություններ, որոնք ևս հնարավոր չէ իրականացնել Արցախում։

«Մեր բուժհիմնարկներում ունենք այնպիսի բուժսարքավորումներ, որոնք պարբերաբար սպասարկվում են  Հայաստանի Հանրապետության համապատասխան մասնագետների կողմից. այդ գործընթացն էլ այս պահին չի իրականացվում։ Եվ, դրանով պայմանավորված, արդեն կան որոշ սարքավորումների աշխատանքի խափանումներ։  Տասից ավելի բժիշկներ էլ, ովքեր մեկնել էին ՀՀ,  չեն կարողանում վերադառնալ Արցախ։ Այդ իսկ հետևանքով բուժհաստատություններում  ունենք կադրային որոշակի դեֆիցիտ»,-եզրափակել է Մ. Մուսայելյանը։

--00—ԶՀ