Հորս պապը Էրզրումից է, իմ դրոշը հայկականն է. Հարցազրույց ավտոարշավորդ Արթուր Գորոյանի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

325419317_928422025237287_3467276327698348543_n.thumb_

Հարցազրույցի ժամանակ B կատեգորիայի միջազգային արտոնագիր ունեցող, Հայաստանը ներկայացնող մոսկվայաբնակ ավտոարշավորդ Արթուր Գորոյանը խոսել է իր անցած ուղու, անելիքների ու ծրագրերի մասին։

-Արթուր, կպատմե՞ս քո մասին։ Որտեղի՞ց ես, ինչո՞ւ որոշեցիր Հայաստանի դրոշի ներքո հանդես գալ։

-Դե ի՞նչ պատմեմ... Մրցարշավորդ եմ։ Ծնունդով Ջավախքից եմ՝ Բոգդանովկայի Խոջաբեկ գյուղից։ Մինչև 3-րդ դասարան ապրել եմ հայրենի գյուղում, դրանից հետո, երբ 9-ը տարեկան էի, ընտանիքով տեղափոխվել ենք Ռուսաստան։

-Ինչպե՞ս սկսեցիր զբաղվել ավտոսպորտով։

-Գնում էի կարտինգի, որտեղից էլ մեզ տարան Գերմանիա մրցումների։ Այնտեղ երրորդ տեղ զբաղեցրեցինք ու որոշեցի զբաղվել մրցարշավով։ Եկա Հայաստան, հայկական արտոնագիր ստացա, որպեսզի կարողանամ միջազգային մրցաշարերում հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո։

-Իսկ ինչո՞ւ Հայաստանի։ Ծնվել ես Վրաստանում, ապրում ես Ռուսաստանում։ Ինչո՞ւ որոշեցիր Հայաստանի դրոշն ընտրել։

-Ջավախքը թեև Վրաստանում է, բայց հիմնականում հայերով է բնակեցված, դրա համար ես վրացերեն ոչ խոսել գիտեմ, ոչ գրել, ոչ կարդալ։ Ես հայ եմ, ընտանիքում հայերեն ենք խոսում։ Հորս պապը Էրզրումից է, մորս պապը՝ Մշից։ Մեր ընտանիքն ավանդական հայկական ընտանիք է, ու ծնողներս մեզ դաստիարակել են, որ մեր նախնիներին ու արմատները պետք է միշտ հարգենք ու հիշենք, դրա արդյունքում հայությունն ու հայրենասիրությունն իմ մեջ շատ խորն է նստած։ Ի վերջո ես նաև Հայաստանի քաղաքացի եմ։ Դա է պատճառը, որ նույնիսկ հարց էլ չի առաջացել, թե որ երկրից պետք է արտոնագիր ստանամ ու որ երկրի դրոշի ներքո հանդես գամ։ Իմ դրոշը հայկականն է։

-Իսկ դու միա՞կ հայն ես ձեր սպորտաձևում։

-Մինչև անցած տարի միակն էի, հիմա երկուսով ենք։ Ընկերս՝ Ռոմա Մավլանովը, որ ազգությամբ ռուս է, հայկական արտոնագիր ստացավ, ու մենք երկուսս էլ մի մեքենայով հանդես ենք գալիս հայկական դրոշի ներքո։

-Սպորտաձևի մասին կպատմե՞ս։ Ինչո՞վ է այն տարբերվում սովորական ռալիից կամ ֆորմուլայից։

-Սպորտաձևը, որով զբաղվում եմ, ավտոմրցարշավ է, ինչպես ասում են՝ դիմացկունության մրցարշավ։ Տարբեր մրցումներ կան՝ 4, 6, 12, 24 ժամ տևողությամբ։ Մրցման ժամանակ կարևորը դիմացկունությունն է՝ թե արշավորդի, թե հատկապես մեքենայի։ Ռալին այլ սպորտաձև է, այն սովորաբար ենթադրում է տարածության հաղթահարում՝ ավազի վրա, գրունտային ճանապարհով կամ բարդ ռելիեֆով անտառում և այլն։ Մեր սպորտաձևն անցկացվում է ասֆալտապատ օղակաձև վազքուղիներում։ Օրինակ, առաջիկա օրերին կայանալիք «Աբու Դաբի-6» մրցարշավն անցկացվելու է այն նույն վազքուղու վրա, ուր անցկացվում է «Ֆորմուլա 1»-ի մրցարշավը։ Բացի այդ՝ մենք մրցում ենք միայն գործարանային արտադրության սպորտային մեքենաներով։ Դրանք ոչ թե հատուկ արդիականացված են, թյունինգ են արված, կամ ավտոտնակում ձեռքով հավաքված են, այլ գործարանում թողարկված մեքենաներ են։ Մեքենայում կարող է մեկ արշավորդ լինել, բայց մրցմանը թիմում կարող է լինել մինչև 6 արշավորդ։  Առաջիկա մրցմանը մեր թիմը կմեկնարկի հունվարի 21-ին ժամը 16։00։ Մրցարշավին կարելի է հետևել www.24Hseries.com կայքում։

-Անպայման կհետևենք ու կերկրպագենք հայկական թիմի ու անձամբ քեզ համար։ Փաստորեն մրցման ժամանակ շտուրման չկա, մեքենայում միայն արշավո՞րդն է։

-Այո, մեքենայում միայն արշավորդն է։ Կախված է, թե ինչ տևողությամբ արշավ է՝ 1,5-3 ժամը մեկ նախատեսված է «փիթ-ստոպ», որի ընթացքում արշավորդը կարող է փոխվել։ Այսինքն՝ խնդիրն այնքան արշավորդը չէ, որքան մեքենայի դիմացկությունը։

-Օրինակ, «Ռեյս 24»-ում մեքենան 24 ժամ անընդմեջ ընթացքի մե՞ջ է։

-Այո՝ նույն մեքենան։ Այն կարող է լիցքավորվել, կարող են փոխվել միայն անիվներն ու վարորդը, բայց մարաթոնի ընթացքում մեքենան պետք է միշտ մնա արշավի մեջ։

-Անձամբ դու, օրինակ, մի մարաթոնի ընթացքում քանի՞ ժամ ես եղել ղեկին։

-Կախված է նրանից, թե քանի արշավորդ կա թիմում։ Օրինակ ես մասնակցել եմ 24-ժամյա մրցման, որի ժամանակ 4 արշավորդ է եղել, ու յուրաքանչյուրս 6 ժամ եղել ենք ղեկին։ Բայց կա մրցում, որ 6 ժամ է, երկու հոգով 3-ական ժամ ենք վարել։

-Իսկ առհասարակ ին՞չ մրցումներ կան։

-Տարվա ընթացքոմ մրցումները շատ են։ Ամենահայտնին, ամենակարևորն ու ամենավտանգավորը գերմանական Նյուրբուրգրինգում անցկացվող մրցարշավներն են, որոնցից ամենագլխավորը «Ռեյս 24»-ն է։ Կա «Դուբայ 24»-ը, «Աբու Դաբի 6»-ը։ Տարբեր կազմակերպիչներ տարբեր տեղերում մրցումներ անցկացնում են, բայց իմ համար ամենագլխավորը Նյուրբուրգրինգն է։ Տարբեր դիսցիպլիններից չեմպիոնները գալիս են այնտեղ ու մնում։ Այն արշավորդների համար ամենաերկար, ամենադժվար ու ամենահետաքրքիր վազքուղին է։ Արդեն 12 տարի ես ամեն տարի մասնակցում եմ Նյուրբուրգրինգի մցրումներին։ 25 կմ երկարությամբ վազքուղում անցած տարի 230-240 մեքենա էր մրցում։ Օրինակ՝ անցած տարի Դուբայում մրցման դուրս էր եկել 91 մեքենա, իսկ Աբու Դաբիում այս տարի հնարավոր է 30-40 մեքենա լինի, ոչ ավել։

Նյուրբուրգրինգում հատուկ արտոնագիր է պետք, հեշտ չէ։ Պետք է այդ վազքուղու վրա փորձ ունենալ։ Սովորական մրցման համար երկու տարվա փորձ է պետք։ Իսկ օրինակ 12 և 24 ժամ տևողությամբ մրցումների համար, փորձից բացի, պետք է նաև արդյունք ունենալ։ Պետք է արշավորդի արդյունքը վերջին 3 տարվա ընթացքում եզրագիծ հասած մեքենաների լավագույն 50 տոկոսի մեջ լինի։  Այսինքն, եթե օրինակ, եզրագիծ է հասել 10 մեքենա, պետք է լինել լավագույն հնգյակում։

-Նյուրբուրգրինգում անցած տարի 240 մեքենաներից քանի՞սն էին հասել եզրագիծ։

-160-170-ը։ Ամենավտանգավոր վազքուղին է, վթարներ շատ են լինում։

-Իսկ 12 տարվա ընթացքում, դու քանի՞ անգամ ես հասել եզրագիծ։

-8 անգամ հասել եմ, մյուս անգամները չի ստացվել (ժպտում է)։

-Իսկ լավագույն նվաճո՞ւմը։ Գուցե 2017 թվականին Նյուբուրգրինգում 2-րդ հորիզոնակա՞նը։

-Ոչ։ 2013 թ. Նյուրբուրգրինգում 4 ժամանոց մրցմանը առաջին տեղն եմ զբաղեցրել։ 2017 թ. 2-րդը եղել եմ 6 ժամանոց մրցման արդյունքում։ Բայց ամենահետաքրքիրը 2017 թ. 24 ժամանոց մրցումն էր, որի ժամանակ 23 ժամ մեր մեքենան ընթանում էր 2-րդ տեղում, մնացել էր մեկ ժամ ու ղեկին ես էի, դարձանք 1-ինը, բայց կես ժամ անց ինձ հետևից հրեցին, հարվածեցի պատին ու վթարի հետևանքով եզրագիծ չհասա։ Փաստացի 23-րդ ժամի դրությամբ առաջատարն էի, բայց եզրագիծ չհասա։

-Միտումնավո՞ր էր հետևից հարվածը։

-Չեմ կարծում։ Մեր բոլոր արշավորդներն իրար գիտեն, մի ընտանիքի պես են, հարաբերություններն այնպես են, ինչպես փոքր համայնքում կամ գյուղում։ Նման բաներ չկան։

-Դաժան վթա՞ր էր։

-Դե ինչ ասեմ. Ես վնասվածք չստացա, բայց մեքենան տեղ չհասավ...

-Կարելի է ասել, որ քո գլխավոր նպատակը Նյուրբուրգրինգի 24 ժամանոց գլխավոր մրցույթը հաղթելն է։ Ի՞նչ է հարկավոր դրա համար։

-Պետք է մի աստիճան վեր բարձրանանք։ Նյուրբուրգրինգի «24 ժամում» հաղթելու համար նախ պետք է ասպարեզ դուրս գանք GT3 դասի մեքենայով, որով ի դեպ անցած տարի մասնակցել եմ Դուբայի մրցմանը։ Իսկ Նյուրբուրգրինգում մենք ստիպված ենք մասնակցել RS3 դասի մեքենայով, որը մի փոքր թույլ մեքենա է։ Դրանով չեմպիոն դառնալը քիչ հավանական է, բայց Ռոմայի հետ մտադիր ենք առաջին քայլն անել։ Ռոման շատ արագ, դիմացկուն արշավորդ է, արդյունք ունենալու լավ տարբերակներ կան։ Մենք հիմա հանդես ենք գալիս «Շարկի ռեյսինգ» թիմում, որը ներկայացնում է «Աուդին»։ Ես 2016 թվականից սկսած «Աուդի» եմ վարում՝ սկզբում ուղղակի արշավորդ էի, հետո դարձա «Աուդիի» արշավորդը։ Գործարանը շատ ուշադիր է իր մեքենաների հանդեպ, և «Աուդիի» գործարանը մեզ աջակցում է մեր մրցելույթներին։ Անցած տարի մեզ նոր գործընկեր միացավ՝ գերմանական «Կոբլոր» ժամացույցների ֆիրման։ Ի դեպ, այդ ժամացույցների ցիֆերբլատը պատրաստված է Նյուրբուրգրինգի վազքուղու ասֆալտից։ Ես ուզում եմ օգտվել հնարավորությունից ու իմ երախտագիտությունը հայտնել մեր հովանավորներին, գործընկերներին ու թիմին։ Մեզ հաջողվել է մրցունակ թիմ ստեղծել ու մտադիր ենք հանդես գալ ողջ ներուժով։

-Ստացվում է, որ արդյունքը հիմնականում մեքենայից է կախված։

-Եվ մեքենայից, և արշավորդից ու մեխանիկից, և ամբողջ թիմից։ Մեքենան կարևոր է, բայց ոչ թե արագությունը, այլ դիմացկունությունը։ Օրինակ, անցած տարի Դուբայում 91 մեքենաների մեջ ամենաարագը մենք էին, բայց մեքենան երկու անգամ փչացավ, ու մենք ստիպված էինք մեկ անգամ կես ժամ, մեկ անգամ էլ 1 ժամ 25 րոպե բոքսում անցկացնել։ Եվ եթե արդյունքերից հանվեր այդ ժամանակը, մենք կլինեինք առաջինը։ Բայց քանի որ սա դիմացկունության մրցում է, այդ ժամանակը չի հանվում։ Այնպես որ՝ ամենակարևորը մեքենայի դիմացկունությունն է ու արշավորդի վարպետությունը։ Մարդիկ, անձնակազմերը հիմնականում պատրաստված են և գրեթե նույնությամբ իրականացնում են իրենց պարտականությունները։ Այստեղ «Ֆորմուլա 1»-ի նման չէ, որ «փիթ-ստոպից» որքան շուտ դուրս գաս, այնքան լավ։ Փիթ-ստոպին միևնույն է՝ հատկացված է 3 րոպե և շատ շտապելու կարիք չկա, կարելի է հանգիստ լիցքվորվել ու փոխել անիվները։ Կարևորը, որ մեքենան չփչանա։

-Ավտոսպորտում, կարծես, «Ֆորմուլա 1»-ին մասնակցելը ու հաղթելը երազանք է, դու չունե՞ս նման երազանք։

-Ոչ, նման երազանք չունեմ։ Ֆորմուլան ու թափքը բացարձակապես տարբեր են։

-Հայաստան հաճա՞խ ես այցելում։

-Գործնականում փորձում եմ ամեն ամիս լինել Հայաստանում։ Այստեղ գալն ինձ ուժ է տալիս։

-Իսկ մրցումներին հայ երկրպագուներ գալի՞ս են։

-Գալիս են։ Գերմանիայում գալիս են Լեհաստանում, Իտալիայում, Ամերիկայում, Ֆրանսիայում ու այլ երկրներում ապրող հայեր։ Գալիս են Հայաստանի դրոշներով ու երկրպագում են իմ համար, ինչը չափազանց հաճելի է։ Ի վերջո ես սպորտսմեն եմ, ու յուրաքնաչյուր սպորտսմենի առաքելությունն է պոպուլյարիզացնել այն, իմ դեպքում՝ պոպուլյարիզացնել ավտոսպորտը Հայաստանում։ Հիմա արդեն մրցումներին գալիս է նաև ֆեդերացիայի նախագահ Արսեն Մանուկյանը։ Նա խոսք է տվել, որ այս անգամ ևս կգա ու նաև Աբու Դաբիում կսատարի մեզ։

-Եթե մարդիկ ուզենան մտնել այս սպորտաձև, ի՞նչ պետք է անեն, որտեղի՞ց սկսեն։

-Հայաստանում կան հնարավորություններ, կա ֆեդերացիա, կա կարտինգ։ Երեխաները կարող են զբաղվել կրտինգով, ուժերը չափել։ Իսկ եթե կլինեն մարդիկ, ում անհրաժեշտ կլինի օգնություն, խորհուրդ, կարող են ինձ գրել Ինստագրամով։ Որևէ խնդիր չեմ տեսնում։ Կարծում եմ, որ այս սպորտաձևում լավ ներուժ կա, ու հնարավոր է հայ մրցարշավորդներով արդյունքներ ունենալ ու այսկերպ ևս Հայաստանը ներկայացնել աշխարհին։

-Ո՞ր տարիքում կարելի է զբաղվել այս ավտոսպորտով։

-Կարծում եմ, 6 տարեկանից սկսած կարելի է զբաղվել կարտինգով, 12-13-ում կարելի է մուտք գործել «Փոքր ֆորմուլա», իսկ 15-16 տարեկանում արդեն կարելի է ավտոարշավների մասնակցել։ Ճիշտ է՝ այդ տարիքում վարորդական իրավունք չի տրվում, բայց սպորտային արտոնագրեր ստանալ կարելի է։

-Արթուր, շնորհակալություն հարցազրույցի համար։ Քեզ հաջողություն ենք մաղթում հունվարի 21-ին Աբու Դաբիում կայանալիք մրցարշավին և ամենակարևորը, ցանկանում ենք, որ Նյուրբուրգրինգում հաղթելու երազանքը շատ շուտ ի կատար ածվի։

-Շնորհակալ եմ։

--00—ՅՄ