Վճռաբեկ դատարանի դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ ՄԻԵԴ վճռի հիման վրա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News

s-ANTONYAN

Վճռաբեկ դատարանի դատավոր Սուրեն Անտոնյանի նկատմամբ ՀՀ արդարադատության նախարարության կողմից կարգապահական վարույթ է հարուցվել՝ 2015թ. կայացված «Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճռի հիման վրա։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն։

«Նշենք, որ դիմումատուն Կոնդրանով Ամիրխանյանն է, որը գանգատ էր ներկայացրել ՄԻԵԴ՝ պնդելով, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի վճիռը բեկանելով Վճռաբեկ դատարանը խախտել է res judicata (կրկին վերանայման ենթակա չլինելու) սկզբունքը և գույքից անարգել օգտվելու իր իրավունքը, ինչն էլ հաստատվել է ՄԻԵԴ վճռով։

Մասնավորապես, գործը վերաբերում է ավելի քան 20 տարի առաջ՝ դեռևս 1998թ-2004թթ կողմերի միջև ծագած հողատարածքային վեճին։

Այսպես, երրորդ անձ Գ.-ին սեփականության իրավունքով պատկանել է հողակտոր, որի մի մասը, նրա համաձայնությամբ, առանձնացվել է ցանկապատով և օգտագործվել մեկ այլ անձի՝ Ջ,-ի կողմից, հետագայում վերջիններս պայմանագիր են կնքել, որով Գ.-ի հողամասի մի մասը տրամադրվում է Ջ.-ին, հետագայում պարզվել է, որ նրա կողմից փաստացիորեն օգտագործվող հողակտորը, որն առանձնացված էր ցանկապատով, 38.75 քմ ավելի մեծ է եղել, քան Գ.-ի կողմից տրամադրված՝ 285 քմ մակերեսով հողակտորը։

Մեկ այլ պայմանագրով այդ տարածքը ևս փոխանցվել է Ջ-ին, սակայն պարզվել է, որ Ջ.-ի սեփականության իրավունքները պաշտոնապես գրանցվել են միայն 285 քմ մակերեսով հողակտորի նկատմամբ։

1998թ ապրիլին Ամիրխանյանը Ջ.-ից գնել է առավել մեծ մակերեսով հողակտոր, սակայն ցանկապատը մնացել էր տեղում է եւ շարունակում էր օգտագործել նաև 38.75 քմ մակերեսով հողակտորը։

2004թ. Գ-ն հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Ամիրխանյանի՝ նպատակ հետապնդելով վերցնել դիմումատուի կողմից օգտագործվող 38.75 քմ մակերեսով հողակտորը` պնդելով, որ սեփականության իրավունքներ ունի դրա նկատմամբ:

2006 թվականի դեկտեմբերի 14-ին Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է հայցը` կարգադրելով դիմումատուին հողամասը փոխանցել Գ-ին:

Ամիրխանյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել, որը 2007թ մարտի 9-ին բավարարվել է Քաղաքացիական վերաքննիչ դատարանի կողմից, ըստ այդմ, Գ.-ի հայցը մերժվել էր, Դատարանն արձանագրել էր, որ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գ.-ն համաձայնել էր, որ Ջ.-ն դառնար ցանկապատով առանձնացված և նրա կողմից օգտագործվող հողակտորի սեփականատերը, նա հօգուտ Ջ.-ի, հետևաբար` հօգուտ Ամիրխանյանի, հրաժարվել էր հողակտորի նկատմամբ ունեցած իր սեփականության իրավունքներից:

Գ.-ն վճռաբեկ բողոք էր ներկայացրել, որը վարույթ չէր ընդունվել։ Մասնավորապես, 2007թ օրենսդրական փոփոխություններ են կատարվել, որով արձաագրվել էր, որ անձն իրավունք չունի մեկից ավելի անգամ վճռաբեկ բողոք բերել, եթե Վճռաբեկ դատարանը բողոքը վերադարձնելիս թերությունները վերացնելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար որոշակի ժամկետ չի սահմանել և սույն գործով բողոքը, որը Վճռաբեկ դատարանը վերադարձրել էր՝ առանց ժամկետների նշման։ Այդուհանդերձ, Գ.-ն երկրորդ անգամ բողոք է ներկայացրել նույն ակտի դեմ, որը 2007թ դեկտեմբերին մասնակի բավարարվել էր և գործը կրկին ուղարկվել էր նոր քննության, առաջին ատյանի դատարանը որոշում էր կայացրել է՝ բավարարելու Գ.-ի հայցը՝ ճանաչելով նրա գույքի սեփականությունը, իսկ Ամիրխանյանի վերաքննիչ բողոքը մերժվել է։

Ամիրխանյանը, փորձելով վերականգնել իր խախտված իրավունքները, դիմել է ՄԻԵԴ՝ արձանագրելով, որ խախտվել է res judicata սկզբունքը։

Խնդիրն այն է, որ Վճռաբեկ դատարանը չէր կարող վարույթ ընդունել երկրորդ անգամ ներկայացված բողոքը, առաջին բողոքը վերադարձնելու որոշումը կայացնելուց հետո օրինական ուժ էր ստացել վերաքննիչ քաղաքացիական դատարանի վճիռը, որը կայացվել էր՝ հօգուտ դիմումատուի; Բացի այդ, խախտվել է գույքից անարգել օգտվելու իր իրավունքը։ 2015թ. ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել՝ արձանագրելով Ամիրխանյանի իրավունքների խախտումը։

Նշված վճռի հիման վրա ՀՀ արդարադատության նախարարությունում ուսումնասիրություններ են իրականացվել, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանի նկատմամբ 2022թ նոյեմբերի 30-ին հարուցվել է կարգապահական վարույթ։ ՀՀ ԱՆ-ն միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ՝ պահանջելով կարգապահական պատասխանատվության ենթարկել Անտոնյանին։

ԲԴԽ-ն միջնորդությունը կքննի հունվարի 18-ին, ժամը՝ 10.00-ին»։

--00—ՅՄ