Առաջիկայում նախատեսվում է ընդունել Հակակոռուպցիոն նոր ռազմավարություն. Գրիգոր Մինասյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 3, 24News

․

Հայաստանում առաջիկայում նախատեսվում է ընդունել Հակակոռուպցիոն նոր ռազմավարություն։ Այս մասին ասել է Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ պատասխանելով «Արմենպրես»-ի թղթակցի հարցին, թե հակակոռուպցիոն ի՞նչ միջոցառումներ կամ օրենսդրական նախաձեռնություններ են նախատեսում 2023 թվականին։

«Կոռուպցիայի դեմ պայքարը շարունակական գործընթաց է: Առաջիկայում նախատեսվում է ընդունել Հակակոռուպցիոն նոր ռազմավարություն, Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում հաղորդակցման գործողությունների ծրագիր՝ միտված հանրության իրազեկման շարունակականության ապահովմանը, բարեվարքության ստուգմանն ուղղված օրենսդրական կարգավորումների կատարելագործմանը, միջազգային պարտավորությունների շրջանակներում մի շարք միջոցառումների իրականացմանը, հատկապես՝ ԳՐԵԿՈ (Group Of States Against Corruption), ՏՀԶԿ (Organisation for Economic Co-operation and Development) նոր հանձնարարականների ուղղությամբ: Աշխատանքներ են տարվում նաև Summit for Democracy-ի նոր թեմատիկ խմբերին ՀՀ ներգրավման և համակարգման ուղղությամբ»,- ասել է Մինասյանը։

Նախարարը հիշեցրել է, որ  անցնող տարում ձևավորվել են և սկսել են գործել Հակակոռուպցիոն դատարանը` 15 դատավորի թվակազմով, Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը` 10 դատավորի թվակազմով, իսկ Վերաքննիչ քրեական դատարանում առանձնացվել են հակակոռուպցիոն գործերով բողոքներ քննող դատավորներ:

«Տարեվերջին ընդունված օրենսդրական փաթեթով սահմանվեց նաև Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը՝ այդպիսով ապահովելով հակակոռուպցիոն գործերի եռաստիճան մասնագիտացված քննությունը»,- ավելացրել է Մինասյանը։

Մինասյանի խոսքով՝ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը և հանձնաժողովը արդեն իսկ հասցրել են բազմաթիվ նիստեր և քննարկումներ ունենալ և որոշումներ կայացնել տարբեր հարցերի շուրջ:

«Այս գործընթացն առանձնանում է նրանով, որ որդեգրվել է նոր մոտեցում` ստեղծվել է երկու մարմին՝  խորհուրդը հասարակական-քաղաքական որոշումներ կայացնելու համար, որում ընդգրկված են տարբեր շահագրգիռ մարմինների, քաղաքական, այդ թվում` արտախորհրդարանական ուժերի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, մյուսը՝ հանձնաժողովը՝ որպես մասնագիտական մարմին` կազմված փորձառու իրավաբաններից խորհրդի կողմից որոշված ուղղությունների շրջանակներում մասնագիտական ուսումնասիրություններ իրականացնելու և սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը և նախագիծը մշակելու համար: Բացի այդ, խորհուրդը և հանձնաժողովը աշխատում են խիստ թափանցիկության պայմաններում` ժողովրդավարական աննախադեպ գործիքների կիրառմամբ` ապահովելով խորհրդի և հանձնաժողովի համատեղ նիստերի ուղիղ հեռարձակումը»,- նշել է Մինասյանը։

Նախարարը հայտնեց, որ  ներկայումս Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը քննարկում է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կողմից հայեցակարգային ուղղությունների շրջանակներում մշակված, հաստատված և խորհրդին ներկայացված զեկույցները:

Հարցին, թե ի՞նչ փուլում է գտնվում նոր ՔԿՀ-ի կառուցումը, Մինասյանը պատասխանեց, որ արդեն իսկ կազմվել է նոր քրեակատարողական հիմնարկի տեխնիկական նախնական գծագիրը և եռաչափ մոդելը:

«Մշակվել են նոր քրեակատարողական հիմնարկի հայեցակարգը և ազատազրկվածների զբաղվածության մոդելը, շինարարական աշխատանքներին ընդառաջ կառույցների տեղակայման տեղամասերում իրականացվել է ինժեներաերկրաբանական հետազոտություն, հիմնարկի կառուցման նպատակով նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար արդեն իսկ հայտարարվել է մրցույթ: Նոր քրեակատարողական հիմնարկը նախատեսվում է շահագործման հանձնել առաջիկա 3 տարիների ընթացքում»,- հայտնել է Մինասյանը։

Նախարարի խոսքով՝ այն նախատեսված կլինի ինչպես դատապարտյալների, այնպես էլ կալանավորված անձանց պահելու համար, կունենա նաև ստացիոնար բաժանմունք:

--00--ԱՀ