Ոստիկանության տեսուչը հափշտակել է «ԻԺ 12» մոդելի հրազենը և այն նվիրել իր բարեկամին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

1086698

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Պ. Օ.-ն, 2013-2020 թթ. զբաղեցնելով ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնի թույլտվության համակարգի ավագ տեսուչի պաշտոնը, ոստիկանության հիշյալ բաժնին ի պահ հանձնված՝ Կ. Ղ.-ին և վերջինիս հորը՝ Գ. Ղ.-ին պատկանող որսորդական հրազենները հափշտակել և կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով հաշվառել է այլ անձանց անուններով:

Մասնավորապես՝ պարզվել է, որ Պ. Օ.-ն, ի պաշտոնե հասանելիություն ունենալով ոստիկանության Աշտարակի բաժնին ի պահ հանձնված վերը նշված հրազեններին, պաշտոնեական դիրքն օգտագործելով, հափշտակել է Կ. Ղ.-ին պատկանող «ԻԺ 12»  մոդելի հրազենը և այն նվիրել իր բարեկամ Կ. Խ.-ին:

Այնուհետև, վերոհիշյալ հրազենն իբրև օրինական հիմքով Կ. Խ.-ին հատկացված լինելու տպավորություն ստեղծելու նպատակով, Պ. Օ.-ն ձեռնամուխ է եղել պաշտոնեական կեղծ փաստաթղթեր կազմելու և դրանք շրջանառության մեջ դնելու գործընթացին. 2019 թվականի մարտի 26-ին կազմել է ակնհայտ կեղծ դիմումներ այն մասին, թե իբր Կ.Ղ.-ն իր «ԻԺ 12» մոդելի հրազենը ցանկանում է նվիրել Կ. Խ.-ին:

Արդյունքում՝ կեղծ փաստաթղթերի միջոցով նշված հրազենը հաշվառվել է վերջինիս անունով:

Բացի այդ, Պ. Օ.-ն, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2015 թվականի մայիսի 12-ին Ս. Ա.-ին առաջարկել է 200.000 ՀՀ դրամով ձեռք բերել Գ. Ղ.-ի կողմից ոստիկանության Աշտարակի բաժնին ի պահ հանձնված «Մոնսբերգ» մոդելի հրազենը: Ս. Ա.-ն ընդունել է Պ. Օ.-ի առաջարկը, ինչից հետո, հրազենն իբրև օրինական հիմքով Ս. Ա.-ին հատկացված լինելու տպավորություն ստեղծելու նպատակով, ոստիկանության տեսուչը վերը նկարագրված նույն եղանակով հափշտակել ու ձեռնամուխ է եղել պաշտոնեական կեղծ փաստաթղթեր կազմելու և դրանք շրջանառության մեջ դնելու գործընթացին: Արդյունքում «Մոնսբերգ» մոդելի հրազենը վերը նշված գումարով վաճառվել է Ս. Ա.-ին:

Պ. Օ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) և 338-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ): Ներկայացված մեղադրանքում Պ. Օ.-ն իրեն մեղավոր է ճանաչել և տվել խոստովանական ցուցմունք:

Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ՅՄ