Ողջունելի են նախարարության ջանքերը գրավիչ ներդրումային միջավայրի ստեղծման ուղղությամբ․ ՀՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

Ողջունելով նախարարին նախագահ Խաչատուրյանը դրական է գնահատել անցնող տարվա ընթացքում էկոնոմիկայի նախարարության ճկուն և հավասարակշռված քաղաքականությունը և նշել, որ բավական բարդ և անկանխատեսելի տնտեսական իրողությունների պայմաններում նախարարության ձեռնարկած միջոցառումները հնարավորինս կառավարելի են դարձրել տնտեսական ռիսկային երևույթները:

Իր խոսքում Հանրապետության նախագահն ընդգծել է, որ ողջունելի են Էկոնոմիկայի նախարարության ջանքերը ներդրողների համար բարենպաստ և գրավիչ ներդրումային միջավայրի ստեղծման ուղղությամբ:

Նախարար Վահան Քերոբյանը շնորհակալություն է հայտնել նախագահին ընդունելության համար և ներկայացրել կապիտալ ներդրումների և տնտեսական ակտիվության ընդհանուր իրավիճակի մի շարք մանրամասներ, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ լոգիստիկ խնդիրների հաղթահարման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ մասնավորապես Լարսի անցակետի թողունակության բարձրացման վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև եկող տարում Հայաստանի տնտեսության հնարավոր մարտահրավերների և դրանց լուծման ուղղիների վերաբերյալ հարցեր:

--00—ՅՄ