Արցախում լեյշմանիոզով 4-ամսական երեխայի վիճակը շարունակում է ծանր մնալ, նրա կյանքին վտանգ է սպառնում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

Ա

Վիսցերալ լեյշմանիոզ հիվանդությամբ 4 ամսական երեխայի վիճակը շարունակում է ծանր մնալ, կյանքին վտանգ է սպառնում։ Այս մասին 24News-ին ասաց Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Անգելինա Իսախանյանը։

4 ամսական երեխան պառկած է Ստեփանակերտի «Արևիկ» բուժմիավորման վերակենդանացման բաժանմունքում։  Հարցին՝ 4 ամսական երեխային Հայաստան տեղափոխելու հետ կապ քայլեր իրականացվո՞ւմ են, ԱՆ մամուլի քարտուղար Իսախանյանը պատասխանեց․ «Այս պահին բժիշկների հսկողության տակ է։ Հավելյալ ինֆորմացիայի համար հետևեք ԱՆ-ի պաշտոնական լրահոսին»։

Արձագանքելով ՀՀ առողջապահության նախարարության կողմից երեխային Լաչինի միջանցքով տեղափոխելու նպատակով Կարմիր խաչի միջազգային կոմիտեին հնարավոր միջնորդություն ներկայացնելու վերաբերյալ հարցին՝ ԱՆ մամուլի քարտուղարը նշեց, որ, կարող է միայն երեխայի վիճակի մասին խոսել։

Դեկտեմբերի 19-ին հայտնի դարձավ, որ ԿԽՄԿ-ի միջնորդությամբ և Բաքվի համաձայնությամբ կարճ ժամանակահատվածով բացվել էր միջանցքը։ Այդ կերպ հնարավոր էր եղել Երևանի «Նորք Մարաշ» բժշկական կենտրոն տեղափոխել սրտային պաթոլոգիայով 62-ամյա քաղաքացու՝ շտապ վիրահատման համար։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ