Արցախում այսօր ստեղծված իրավիճակն Արցախից ձեռքերը լվալու քաղաքականության հետևանք է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Derenik-Xachatryan

Արցախում այսօր ստեղծված իրավիճակը` Արցախից ձեռքերը լվալու քաղաքականության հետևանք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Լույս» հիմնադրամի փորձագետ Դերենիկ Խաչատրյանը։

«Մինչ Երևանում «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» վերնագրով, բայց իրականում Հայոց Ցեղասպանության թեման ինչ որ նորարարական տեխնոլոգիաների լույսի ներքո քողարկելու ակնհայտ մտայնությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ ՀՀ դե ֆակտո իշխանությունները փորձում են կոտրել «թուքրի» կերպարի նկատմամբ հայ ժողովրդի շրջանում օբյեկտիվորեն ձևավորված բացասական ընկալումը, Արցախի մեր հայրենակիցների համար արդեն մի քանի ժամ է թուրքերի կողմից փակվել է Հայաստանի Հանրապետության հետ կապող կյանքի միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։

Սակայն մի կողմ թողնեմ հարցի բոլոր հուզական կողմերը և անդրադառնամ մի շատ կարևոր հանգամանքի, որը հախուռն լրահոսի պայմաններում կարող է շատերի աչքից վրիպել։ Ակնհայտորեն Լաչինի միջանցքում ադրբեջանցիների հերթական սադրանքի համատեքստում ՌԴ նախագահը այսօր հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հետ։ Այդ հեռախոսազրույցների վերաբերյալ կողմերի տարածած պաշտոնական հաղորդագրությունների դիտարկումը երևան է բերում մեզ համար ևս մեկ շատ վտանգավոր միտում։

Այսպես, տարածված պաշտոնական հաղորդագրությունների տեքստում Ալիևի հետ զրույցի մասով Կրեմլը հստակ շեշտում է նոյեմբերի 9-ի և մյուս եռակողմ հայտարարությունների գործնական ասպեկտների քննարկումը (http://kremlin.ru/events/president/news/70066), մինչդեռ հայկական կողմի հետ հեռախոսազրույցի արձանագրության մեջ նոյեմբերի 9-ի հայտարարության ուղիղ հիշատակում չկա(http://kremlin.ru/events/president/news/70069)։ Սա շատ կարևոր հանգամանք է, քանի որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը 44-օրյա պատերազմից հետո միակ եռակողմ փաստաթուղթն է, որն ուղղակիորեն առնչվում է Արցախին։

Այսինքն, ստացվում է, որ Հայաստանի իշխանությունների կողմից վարվող քաղաքականության և վերջիններիս «համառ ջանքերի» արդյունքում նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որն անդրադառնում է Արցախի խնդրին, Մոսկվայի կողմից դիտարկվում է ռուս-ադրբեջանական օրակարգի շրջանակներում, իսկ հայ-ռուսական օրակարգը ավելի նեղացվում է՝ ապաշրջափակում, սահմաննաերի անվտանգություն։

Սա լիովին տեղավորվում է ՀՀ դե ֆակտո իշխանությունների կողմից վարվող քաղաքականության տրամաբանության մեջ, երբ փորձ է արվում Արցախի հարցը ներկայացնել զուտ Արցախ-Ադրբեջան ուղիղ շփումների տիրույթում, այն էլ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, իսկ արցախցիների անվտանգության երաշխիքների առումով ձեռքերը լվալ և ողջ պատասխանատվությունը դնել ռուս խաղաղապահների վրա։

Հատկանշական է, որ հայկական կողմի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ արդեն հիշատակվում են նոյեմբերի 9-ի և մյուս եռակողմ հայտարարությունների մասին։ Ավելին, հայտարարության մեջ նշվում է, որ «Զրուցակիցները քննարկել են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև անխափան կապի ապահովումն ու այդ ուղղությամբ ռուսական խաղաղապահ առաքելության կողմից հետևողական քայլերի իրականացումը»( https://www.primeminister.am/.../Nikol-Pashinyan.../):

Այստեղից կարող ենք եզրակացնել, որ Արցախի հարցում Հայաստանի գործող դե ֆակտո իշխանությունների երկիմաստ վարքագիծը շարունակվում է․ մի կողմից ամեն ինչ անել՝ Արցախի հարցից ձեռքերը լվանալու, այն Ադրբեջան-Արցախ-ՌԴ տիրույթում դիտարկելու համար, մյուս կողմից սեփական հանրության մոտ տպավորություն ստեղծել, թե իշխանությունը շարունակում է զբաղվել Արցախի ճակատագրով և բարձրաձայնում է արցախցիների խնդիրները։ Իհարկե, տեսականորեն հնարավոր է հայտարարել, «ես Արցախի հետ կապ չունեմ» ու հետո միջազգային գործընկերների մոտ խոսել Արցախին վերաբերող ինչ-ինչ հարցերից, սակայն ակնհայտ է, որ այդ պարագայում ոչ ոք քո խոսքերին լուրջ չի վերաբերվելու, ինչը և արտահայտվում է երրորդ կողմի պաշտոնական գրագրության մեջ»։

--00—ՅՄ