Գործատուի և աշխատողի համաձայնությամբ՝ հնարավոր կլինի աշխատել նաև հեռավար եղանակով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

318557238_519678593537296_3124807636870595843_n

Հեռավար եղանակով աշխատելու հնարավորության տրամադրման նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակվել և e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Նախագծով առաջարկվում են հեռավար և համակցված հեռավար եղանակներով աշխատանքի կազմակերպման հստակ և ճկուն ընթացակարգեր, որոնք հնարավորություն կտան աշխատանքային պարտականությունները կատարել՝ առանց աշխատավայր ներկայանալու։

Նախագծի մշակումը պայմանավորված է այն հանգամանքով, որ գործող կարգավորումներով հեռավար եղանակով հնարավոր է աշխատել միայն տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների անհապաղ վերացման ժամանակահատվածներում:

Նոր կարգավորումները հնարավորություն կտան գործատուի և աշխատողի համաձայնությամբ աշխատանքները հեռավար եղանակով իրականացնել ինչպես ամբողջությամբ (այսինքն՝ ոչ աշխատավայրից), այնպես էլ համակցված (աշխատանքների մի մասը՝ հեռավար, մյուս մասը՝ աշխատավայրից)։

Նախագծի վերաբերյալ կարծիքներ և առաջարկներ կարող եք ներկայացնել՝ e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ հետևյալ հղմամբ։

--00—ՅՄ