Պաշտոնյաները ծաղիկ են խոնարհել Սպիտակի երկրաշարժի և Ճապոնիայի ցունամիի զոհերի հիշատակի համար

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

նկար

1988 թվականի ավերիչ երկրաշարժի 34-րդ տարելիցի կապակցությամբ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հետ միասին Սպիտակ են այցելել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, Հայաստանում Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիման:

Սպիտակում 1988 թ. երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ կատարվել է հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ աղետի անմեղ զոհերի:

նկար

Ներկաները ծաղիկներ են խոնարհել հուշակոթողին: Ծաղիկներ են խոնարհվել նաև կողք կողքի տեղադրված Ճապոնիայի ահեղ ցունամիի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին:  

Դեսպան Ֆուկուշիման նշել է, որ իրենք հայ ժողովրդի կողքին են եղել թե՛ աղետի օրերին և թե՛ հետագա տարիներին՝ օգնելով մեղմել վիշտը, հաղթահարել դժվարությունները, ու շնորհակալ են նաև հայ ժողովրդին ճապոնացիների համար ծանր օրերին իրենց կողքին լինելու համար:

Այցելություն է կատարվել նաև Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատ:

Պաշտոնյաները եղել են նաև Վանաձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու Սրբոց Նահատակաց պուրակում, որտեղ երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ՝ նախագահությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի, կատարվել է հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ երկրաշարժի զոհերի:

«1988-ի դեկտեմբերի 7-ը մեծ ողբերգություն էր հայ ժողովրդի համար, սակայն հայը չի հուսահատվել, այլ կրկին շտկել է մեջքն ու վերածնվել: Մեզ օգնության շտապեցին աշխարհի գրեթե բոլոր ծայրերից՝ աղետի գոտին վերածելով համամարդկային գթասրտության օջախի։ Այսօր մեր շնորհակալության անկեղծ ու ջերմ խոսքն ենք ուղղում բոլոր նրանց, ովքեր մեզ հետ էին, օգնում և սատարում էին»,- ասել է Լոռու մարզպետը:

--00—ԼՄ