Այս քայլը մեծ հարված կլինի Հայաստանի ու Արցախի անվտանգային համակարգին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

l-2vImeDxJ8z

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հայաստանն Արցախի հետ կապող միջանցքի, իսկ իրականում՝ ճանապարհի նկատմամբ, վերահսկողություն ստանալու ադրբեջանական ջանքերը բավականին ծանր իրադրություն են ստեղծել։

Այս թեմայով Արցախից, ռուս խաղաղապահներից, Ադրբեջանից եկող ազդակները հակասական են։

Միակ բանը, որ շատ հստակ է՝ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի նվազագույնը վերահսկողական գործառույթ ստանա Հայաստանից Արցախ և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների իրականացման վրա։

Թե դա կարվի ռուսական կողմի հետ համատեղ կամ որևէ այլ ձևաչափով, արդեն կարևոր էլ չի։ Այս քայլը մեծ հարված կլինի Հայաստանի ու Արցախի անվտանգային համակարգին և խոշոր քայլ կլինի Ադրբեջանի՝ Արցախին կլանելու գործընթացում։

Եթե սրան էլ գումարում ենք Ադրբեջանի «բնապահպանական», իսկ իրականում՝ հաշվարկված քաղաքական քայլն Արցախի ընդերքի նկատմամբ «մոնիթորինգի», իսկ իրականում՝ վերահսկողական մեխանիզմ ներդնելու վերաբերյալ, ապա պատկերն ամբողջական է դառնում։

Ադրբեջանը Հայաստանի իշխանության լուռ համաձայնությամբ մեծացնում է ճնշումը Արցախի նկատմամբ և արագացնում մեզ համար անցանկալի գործընթացները»։