Հայաստանը պետք է Ֆրանսիայի թանգարանից հետ բերի Ցեղասպանության հինգ զոհերի գանգերը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

հարութ սասունյան

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը գրում է․

«2022 թվականի նոյեմբերի 28-ին «Նյու Յորք թայմս» թերթը հրապարակել է լրագրող Կոնստանտ Մեհյոյի ցնցող հոդվածը՝ «Փարիզի թանգարանն ունի 18 հազար գանգ. դժվար է ասել, թե դրանք ումն են» վերնագրով։

Հոդվածը բացահայտում է, որ Փարիզի Մարդու թանգարանում պահվում է «մարդկային  աճյունների հսկայական հավաքածու»: Այս թանգարանի նկուղում գտնվում են «18 հազար գանգեր, որոնց թվում են աֆրիկյան ցեղերի առաջնորդների, կամբոջացի ապստամբների և Օվկիանիայի բնիկ մարդկանց աճյունները:

Դրանցից շատերը հավաքվել են նախկին ֆրանսիական գաղութներում։ Հավաքածուն ներառում է նաև ավելի քան 200 բնիկ ամերիկացիների գանգեր, այդ թվում՝ Սիու և Նավահո ցեղերի գանգերը։ Մետաղական դարակների վրա ստվարաթղթե արկղերում պահվող աճյունները կազմում են մարդկային գանգերի ամենամեծ հավաքածուներից մեկն աշխարհում՝ ընդգրկելով դարեր և ներառելով աշխարհի բոլոր անկյունները»: Գանգերից հինգը պատկանում են Հայոց ցեղասպանության զոհերին։ Թանգարանը չի հրապարակել 18 հազար գանգերի ինքնությունը՝ վախենալով փոխհատուցման հայցերից:

Ես կարդացել եմ Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 15-ի զեկույցը թանգարանում աճյունների ճակատագրի վերաբերյալ առաջարկվող օրենքի քննարկման մասին: Այդ հանդիպման ժամանակ առաջարկվող օրենքի համահեղինակ սենատոր Քեթրին Մորին-Դեսային հայտարարեց՝ «զարմանալի է, որ մեր հավաքածուներում հայտնաբերում ենք գանգեր Հայոց ցեղասպանության ժամանակվանից»։ Առաջարկվող օրենքի մեկ այլ համահեղինակ, սենատոր Պիեռ Ուզուլիասը հավելեց. «Ես ընկճված էի իմանալով, որ Դեյր-էզ Զորում [Սիրիա] հայտնաբերված Հայոց ցեղասպանության զոհերի հինգ հայկական գանգեր դեռևս գտնվում են Մարդու թանգարանի հավաքածուներում»։

Քանի որ «Նյու Յորք թայմսի» թղթակից Մեհյոն իր հոդվածում նշել էր, որ ինքը գաղտնի փաստաթղթեր է ձեռք բերել թանգարանում գտնվող մարդկային աճյունների մասին, ես գրեցի նրան՝ հարցնելով, թե արդյոք այդ փաստաթղթերը պարունակո՞ւմ են մանրամասներ Հայոց ցեղասպանության հինգ զոհերի գանգերի վերաբերյալ: Նա ինձ տեղեկացրեց, որ դրանք կանանց գանգեր էին, որոնք ֆրանսիացի նախապատմության մասնագետ Էմանուել Պասեմարը հավաքել էր Սիրիայում իր հետազոտությունների ժամանակ 1925-1926 թվականներին: Ֆրանսիական նախապատմության ընկերության տեղեկագիրը հաղորդում է, որ Պասեմարը դասախոսություն է կարդացել Փարիզի Սորբոնի համալսարանում 1927 թվականի փետրվարի 16-ին, որի ընթացքում նա նկարագրել է իր ճանապարհորդությունը դեպի Եփրատ գետի ափերը Սիրիայում:  

Մեհյոն իր հոդվածում գրել է, որ «չնայած Ֆրանսիան առաջատար է Եվրոպայում գաղութատիրության ժամանակաշրջանի գտածոների՝ մարդու ձեռքով ստեղծված մշակութային առարկաների հավաքածուների հետաքննման և վերադարձի հարցում, սակայն  աճյունների հարցում նա հետ է մնում իր հարևաններից»: Աճյունների պահանջատերը պետք է ապացուցի ժառանգական կապը։ Այնուամենայնիվ, «ցանկացած վերադարձ ֆրանսիական օրենսդրությունը դարձրել է ծանր ու ժամանակատար գործընթաց»:

Մեհյոն հավելել է. «Ինչպես 19-րդ դարի մյուս թանգարանները, Մարդու թանգարանն ի սկզբանե եղել է ամբողջ աշխարհից հավաքված իրերի պահոց: Գանգերը հավաքվել են հնագիտական պեղումների և գաղութային արշավների ժամանակ, երբեմն զինվորների կողմից, որոնք գլխատել են դիմադրության մարտիկներին։ Աճյունները, որոնք գնահատվել են այժմ վարկաբեկված ռասայական գիտության բնագավառում աշխատող հետազոտողների կողմից, այնուհետև հարաբերական մոռացության են մատնվել: 1989 թվականին Ֆիլիպ Մենեսիեն՝ [թանգարանի] վարիչը, կազմել է հավաքածուի առաջին շտեմարանը: Դա նրան հնարավորություն է տվել բացահայտել հարյուրավոր, ինչպես նա է անվանել «հնարավոր վիճարկելի» գանգեր՝ հակագաղութային մարտիկների և բնիկ մարդկանց աճյունները, որոնք հավաքվել էին որպես պատերազմի ավար կամ թալանվել էին հետախույզների կողմից, որոնք կարող էին պահանջել այն մարդիկ, որոնք ցանկանում էին հարգել իրենց նախնիների հիշատակը»:Բնագիտական պատմության թանգարանի բարձրաստիճան պաշտոնյա Քրիստին Լեֆևրը, որը վերահսկում է Մարդու թանգարանը և Մարտին Ֆրիսը, որը պատասխանատու է թանգարանի ժամանակակից մարդաբանության հավաքածուների համար, Մեհյոյին ասել են, որ տեղեկատվությունը չի հրապարակվել գաղտնիության, վախի, հակասությունների և որոշ աճյունների ինքնության վերաբերյալ անորոշության պատճառով:

«Բայց մի քանի ակադեմիկոսներ և օրենսդիրներ ասում են, որ թանգարանի դիրքորոշումը բխում է ավելի մեծ մտահոգությունից, որ թափանցիկությունը կարող է բացել փոխհատուցման պահանջները», գրել է Մեհյոն: «Վերջին երկու տասնամյակների ընթացքում Ֆրանսիան վերադարձրել է մոտ 50 աճյուններ, այդ թվում՝ Հարավային Աֆրիկային, Նոր Զելանդիային և Ալժիրին»։
Մեհյոն բացատրել է, որ «խնդիրներն ավելի են բարդանում, քանի որ պետական թանգարանների հավաքածուներում գտնվող իրերը պատկանում  են  ֆրանսիական պետությանը և չեն կարող փոխել իրենց սեփականությունը, քանի դեռ դրանց վերադարձի օրենքը չի քվեարկվել՝ մի ծանր գործընթաց, որը երբեմն ստիպել է Ֆրանսիային աճյունները փոխ տալ՝ սեփականությունը զիջելու փոխարեն:  Ֆրանսիայի մշակույթի նախարարության ներկայացուցիչն ասել է, որ պաշտոնյաներն աշխատում են մի համապարփակ օրենքի վրա՝ կարգավորելու մարդկային աճյունների ապագա վերադարձը»: Ֆրանսիայի կառավարությունը դեռ պետք է ընդունի «Սենատի կողմից հունվարին ընդունված օրինագիծը, որը կվերացնի խորհրդարանի կողմից յուրաքանչյուր փոխհատուցում հաստատելու անհրաժեշտությունը»:

Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի լսումների ժամանակ, անդրադառնալով Հայոց ցեղասպանության զոհերի գանգերին, սենատոր Ուզուլիասը իր գործընկերներին ասաց. «Սա անհանդուրժելի է: Մենք վտանգում ենք խոշոր դիվանագիտական հակամարտություն որոշ երկրների հետ, երբ նրանք իմանան մեր հավաքածուների բովանդակության մասին: Ժամանակն է դադարեցնել սա: Մենք այլևս չենք կարող ապրել դիակներով մեր պահարաններում»։

Այժմ, երբ հայերն իմացել են Ֆրանսիայի թանգարանում պահվող Հայոց ցեղասպանության հինգ զոհերի գանգերի մասին, առաջարկում եմ Հայաստանի կառավարությանը Փարիզում իր դեսպանատան միջոցով անհապաղ խնդրանքով դիմել այս գանգերը Հայաստան վերադարձնելու համար, որպեսզի դրանք իրենց հանգրվանը գտնեն Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիրի մերձակայքում։ Այս զոհերն արժանի են պատշաճ հուղարկավորության՝ մեկ դար ֆրանսիական թանգարանի նկուղում արկղերի մեջ պահվելուց հետո:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

--00—ԼՄ