«Հայ մարդն ամուր կառչած է իր հողին». ընդդիմադիր պատգամավորներն այցելել են սահմանամերձ գյուղեր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

նկար

Այսօր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, խմբակցության անդամներ Իշխան Սաղաթելյանը, Աղվան Վարդանյանը, Գառնիկ Դանիելյանը, Քրիստինե Վարդանյանը և Արգիշտի Գևորգյանն այցելել են Գեղարքունիքի մարզ, եղել սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով սահմանամերձ դարձած գյուղերում, այցելել ռազմական գործողությունների հետեւանքով զոհված և անհետ կորած համարվող մեր հայրենակիցների ընտանիքներին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

Ըստ հաղորդագրության՝ ժողովրդի հետ հանդիպումներ և իրավիճակի մասին քննարկումներ են եղել Արեգունի, Սոթք, Փոքր Մասրիկ, Նորաբակ գյուղերում և Վարդենիս քաղաքում:

«Պետք է արձանագրել, որ չնայած թշնամական գործողություններին և պետության անգործությանը՝ հայ մարդը ամուր կառչած է իր հողին և պատրաստ է պաշտպանել այն:

Հենց այս մարդիկ են մեր պետության հիմքը, ովքեր պետության բացակայության պայմաններում, միայնակ մնալով անվտանգային, սոցիալական և բազմաթիվ այլ խնդիրների հետ, չեն լքում իրենց տունը և շարունակում են ամենօրյա պայքարը:

Առաջիկա օրերին խմբակցության պատգամավորները լինելու են նաև այլ մարզերում»,-նշված է հայտարարությունում:

--00—ԼՄ