Այս պահին Արցախի 120 հազար ժողովուրդը ամբողջական շրջափակման մեջ է․ Արցախի ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

031ba3f2-bf87-4e33-8378-2307e707288e.jpg

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանի կողմից Արցախ-Հայաստան միակ ճանապարհի դիտավորյալ փակումը Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվող ահաբեկման և ցեղասպանական քաղաքականության հերթական դրսևորումն է

2022 թվականի դեկտեմբերի 3-ին կեսօրից հետո ադրբեջանական կողմը կեղծ բնապահպանական պատճառաբանությամբ Շուշիի հատվածում փակել է Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որը Արցախը արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է: 

Այս պահին Արցախի 120 հազար ժողովուրդը ամբողջական շրջափակման մեջ է՝ կանգնելով հումանիտար վերահաս աղետի առջև, որի հանցավոր պատասխանատուն ադրբեջանական իշխանություններն են: 

Հրադադարի հաստատումից ի վեր բազմիցս ականատես ենք եղել Ադրբեջանի կողմից Արցախում բնականոն կյանքը խաթարելու նպատակով ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման և դրանց գործունեությունը խափանելուն ուղղված գործողությունների, որոնք Արցախը էթնիկ զտման ենթարկելու ընդհանուր քաղաքականության բաղադրիչներն են: Ավելին, նույնիսկ վերջին շրջանում ադրբեջանական կողմը շարունակաբար կեղծ տեղեկատվական առիթներ էր հորինում ճանապարհի հնարավոր փակումը լեգիտիմացնելու նպատակով:

Նման վտանգների կրկության վերաբերյալ ահազանգել ենք տարբեր հնարավոր խողովակներով ու միջոցներով: Պատշաճ ու հասցեական կանխարգելման բացակայության հետևանքով էլ ադրբեջանական կողմը գործում է անպատժելիության վարքագծով, որին վերջնականապես պետք է վերջ դրվի:

Ուստի, հորդորում ու պահանջում եմ միջազգային հանրության հիմնական դերակատարներից հասցեական ու կոշտ քայլերով ձեռք առնել պատժիչ ու կանխարգելիչ միջոցներ, այլապես նման դեպքերի կրկնությունն ու հումանիտար աղետն անխուսափելի են»։

--00—ՅՄ