Ուկրաինայի դեսպանատները ստացել են «արյունոտ փաթեթներ», որոնցում կենդանիների աչքեր են եղել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

1098712

Եվրոպական մի շարք երկրներում Ուկրաինայի դիվանագիտական ներկայացուցչությունները ստացել են «արյունոտ փաթեթներ», որոնցում կենդանիների աչքեր են եղել, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությանը: Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Իսպանիայի մի քանի հաստատություններ, այդ թվում՝ Իսպանիայում Ուկրաինայի դեսպանատուն են ուղարկվել պայթուցիկ նյութով ծրարներ:

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Օլեգ Նիկոլչենկոն գերատեսչության Facebook-ի էջում հայտնել է, որ փակ փաթեթներն ուղարկվել են Ուկրաինայի դեսպանատներ Հունգարիայում, Նիդեռլանդներում, Լեհաստանում, Խորվաթիայում և Իտալիայում, ինչպես նաև Նեապոլի և Կրակովի գլխավոր հյուպատոսություններ, Բռնոյի հյուպատոսություն: Վանդալիզմի է ենթարկվել Վատիկանում Ուկրաինայի դեսպանի նստավայրի մուտքը:

«Մենք հիմքեր ունենք կարծելու, որ սա ահաբեկչության և վախ ներշնչելու լավ պլանավորված արշավ է Ուկրաինայի դեսպանատների և հյուպատոսությունների դեմ», - նշել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան:

Գերատեսչությունը հավելել է, որ ուկրաինական կողմն աշխատում է օտար երկրների իրավապահ մարմինների հետ սպառնալիքի բոլոր դեպքերը բացահայտելու, դրանցում ներգրավված մարդկանց հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու համար:

Իր հերթին Իսպանիայի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ երկրում պայթուցիկ նյութերով ծրարների հայտնաբերումից հետո Իսպանիայում գտնվող օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ կուժեղացվեն անվտանգության միջոցառումները:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Իսպանիայի ոստիկանությանը Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսին ուղարկված ծրար է հայտնաբերվել, որի մեջ, ենթադրաբար, գտնվել է «հրատեխնիկական նյութ»: Մինչ այդ նմանօրինակ ծանրոցներ էին ուղարկվել Մադրիդում Ուկրաինայի դեսպանություն, Instalaza սպառազինության ընկերություն, թագավորության պաշտպանության նախարարություն և Տոռեխոն դե Արդոսի ավիաբազա: Մադրիդում Ուկրաինայի դեսպանատան աշխատակիցը թեթև վնասվածքներ էր ստացել փոստային առաքանու մեջ թաքցված սարքի պայթյունի պատճառով:

--00—ՅՄ