Լավրովն ուղիղ ասաց՝ ՀՀ-ն Արցախի կարգավիճակը չի քննարկում, խոսում է միայն բնակչության իրավունքներից

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Պ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բաց տեքստով նշեց, որ այսօրվա դրությամբ ՀՀ իշխանություններն Արցախի կարգավիճակը հարցը չեն բարձրացնում ու միայն դեռ բնակչության իրավունքներից են խոսում։ Այս մասին 24News-ին ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ, «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոնի և հիմնադրամի «Անվտանգություն» ոլորտի ղեկավար, ՀՀ 4-րդ նախագահի նախկին խորհրդական Թևան Պողոսյանը։

Երեկ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել էր, որ երբ Պրահայի հայտարարությունը [ընդունված Փաշինյան-Ալիև բանակցությունների արդյունքում] հավանության էր արժանացել և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի, և՛ Ֆրանսիայի, և՛ Եվրոպայի խորհրդի կողմից։

Ըստ Լավրովի՝ Պրահայի փաստաթղթի շրջանակում Ալմա-Աթայի Հռչակագիրը հիշատակվել է ոչ առանց վերապահումների․ «Դե դա, իհարկե, հեշտացնում է հետագա աշխատանքը, քանի որ որոշում է հարցն այն մասին, թե ինչպես մոտենալ Լեռնային Ղարաբաղի, Ղարաբաղի կարգավիճակի խնդրին: Իզուր չէ, որ հայկական ղեկավարությունը վերջին շրջանում խոսում է ոչ այնքան կարգավիճակի, ինչքան այն մասին, որ պետք է ապահովել Ղարաբաղում հայ բնակչության իրավունքները»։

Պրահայում ընդունված հայտարարության մեջ, ի թիվս այլնի, նշված է․ «Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար․․․»։ Ինչ վերաբերում է Ալմա-Աթայի Հռչակագրին, ապա ՀՀ Գերագույն խորհուրդն այն վերապահումներով էր վավերացրել՝ Լեռնային Ղարաբաղը չճանաչելով Ադրբեջանի մաս, հաստատելով, որ ինքնորոշված ԼՂ Հանրապետությունը որևէ կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ։

Քաղաքագետ Թևան Պողոսյանի խոսքերով՝ Ազգային ժողովը պետք է Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչման տանի, Արցախի ճանաչման գործընթաց սկսի։

«Այ սա է մեր հայկական օրակարգը։ Այսօր մենք իրավունք չունենք ուրիշ պաշտոնյաների՝ իրենց երկրների շահերն առաջ տանելու հարցերը քննարկել։ Պետք է քննարկենք՝ ինչպես մեր շահերն առաջ տանենք։

Ցանկացած լրատվականի, ցանկացած քաղաքացու մի բան պետք է հետաքրքրի՝ ե՞րբ են ՀՀ իշխանությունները նախաձեռնելու Արցախի ճանաչման գործընթացը», - ընդգծեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահը։

«Գերագույն խորհուրդն Ալմա-Աթայի Հռչակագիրը վավերացնելիս մեծ վերապահում է դրել։ Եվ այդ վերապահման վրա պետք է հիմնվել ու նախաձեռնել Արցախի ճանաչման գործընթացը։

Եթե ուզում ենք Ալմա-Աթայի գործընթացով որևէ բան անել, պետք է ճանաչենք Արցախի անկախությունը։ Դրանից հետո ինչ ուզում եք՝ ճանաչեք ուրիշ բաների հետ», - եզրափակեց Թեւան Պողոսյանը։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ