Ինչու՞ պետք է ջնջել «Արցախի Հանրապետություն» բառերը և գրել «ԼՂ հայություն»․ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

19313d9a-cc5d-4ace-a680-088ef9a7b600.jpg

«Հայաստան դաշինքն» հանդես է եկել նախաձեռնությամբ, որով առաջարկում է ՀՀ խորհրդարանին ընդունել հայտարարություն` ի պատասխան նոյեմբերի 8-ին Ադրբեջանի Միլլի Մեջլիսի հայտարարության: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ հրավիրելով հատկապես փորձագետների ուշադրությունը ներքոնշյալի վրա:

«Այդ հայտարարության մեջ Ադրբեջանի խորհրդարանը կոչ էր անում Հայաստանի խորհրդարանին ընդունել Ադրբեջանի առաջարկած 5 կետերը և ըստ էության համաձայնվել Հայաստանի կապիտուլյացիային: ԻՀարկե, այս ողջ ընթացքում իշխող ուժի կողմից որևէ արձագանք այդ հայտարարությանը չի եղել, ուստի մենք ենք հանդես եկել առաջարկով: Մեր ներկայացրած հայտարարության մեջ չկա որևէ ներքաղաքական գնահատական: Կան ընդամենը մի քանի կարևոր հաստատումներ առ այն, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չի կարող սահմանափակվել Հայաստանի Հանրապետությունը հանձնառու է պաշտպանել նաև Արցախում ապրող հայերի իրավունքները Ադրբեջանը Թուրքիայի հետ գործում է համադրաբար, շարունակելով ուժի սպառնալիքի և դրա կիրառման քաղաքականությունը ՔՊ-ն առաջարկել է այս ձևակերպումների իր փոփոխությունները: Դա արել է գրավոր տարբերակով:

Ստորև նկարներով ներկայացնում եմ այդ փոփոխություններից կարևորագույնները, որոնցով ապացուցվում է, որ ՔՊ ներկայացուցիչներին արգելված է օգտագործել Արցախի հանրապետություն բառերը, ինչպես նաև Թուրքիային ուղիղ մեղադրել Ադրբեջանին աջակցելու և հակահայ քաղաքականություն վարելու մեջ: Այլ որևէ հանգամանքով փոփոխությունների այս առաջարկները բացատրել անհնար է: Որևէ բացատրություն չկա` ինչու՞ պետք է տեքստից ջնջել «Արցախի Հանրապետություն» բառերը և փոխարենը գրել «Լեռնային Ղարաբաղի հայություն» բառերը: Նույնպես անբացատրելի է տեքստից ցանկացած նախադասության հեռացման առաջարկը, որտեղ օգտագործված է «օկուպացիա» բառը:

Հիշեցնեմ, որ ՔՊ նախընտրական պլատֆորմում իրենք ասում էին, որ ընտրվելուց հետո հանձնառու են բանակցությունների ճանապարհով հասնել Արցախի բռնազավթած տարածքների դեօկուպացիային: Նույն ձևով անբացատրելի է` ինչու՞ է հարկավոր տեքստից հեռացնել Թուրքիայի մասին հիշատակումը այն համատեքստում, որ այս ամենում Թուրքիան աջակցում է Ադրբեջանին:

Փաստորեն, փոփոխությունների այս առաջարկներով բացահայտվում է ՔՊ վարած քաղաքականության սկզբունքները: Այս նկարները ցույց են տալիս ինչպես են իրենք վարում բանակցությունները և փաստում են մեր այս վիճակում լինելու պատճառները: Սրանք լրացուցիչ, բայց կարևոր և ուղիղ ապացույցներ են Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ վարվող դավաճանական քաղաքականության: Հրապարակում եմ, որպեսզի դրանք հասանելի լինեն հանրության հնարավորինս լայն շերտերի և օգտագործվեն իշխող ուժի իրական նպատակները ցույց տալու համար»,- գրել է նա:

 --00--ԶՀ