Ես հո չէի՞ գնալու դուռը բացեի, տեսնեի՝ Վովայի աղջիկը գործի գալիս ա, թե չէ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 1, 24News

հ

Դատախազությունը երեկ հաղորդագրություն տարածեց այն մասին, որ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստեր՝ Յուլյա Գասպարյանի նկատմամբ։

Ըստ հաղորդագրության՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ոստիկանության նախկին պետ Վ. Գ.-ի դուստրը՝ Յ. Գ.-ն, միջոցներ տրամադրելով եւ խոչընդոտներ վերացնելով, օժանդակել է 2012-2018 թվականներին կառավարությանն առընթեր ոստիկանության պետի տեղակալ-ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Լ. Ե.-ին, ով, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2015-2018 թվականների ընթացքում իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով վատնման եղանակով գույք է հափշտակել:

Վ․ Գ․-ն Վլադիմիր Գասպարյանն է, Յ․ Գ․-ն նրա դուստր Յուլյա Գասպարյանն է, իսկ Լ․ Ե․-ն նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանն է։ 

Քրգործը՝ կարճ, մի բանի մասին է, որ նախկին ոստիկանապետի դուստրը 2015 թվականի մարտի 7-ի թիվ 490-Ա հրամանով նշանակվել է ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի ավագ սպայի պաշտոնին, այնուհետեւ ոստիկանության զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանի՝ 2018 թվականի մարտի 16-ի 225-Ա հրամանով նշանակվել է ոստիկանության զորքերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժանմունքի պետի պաշտոնին, հոր կողմից ստացել ոստիկանության փոխգնդապետի կոչում, պաշտոնից 2018 թվականի մայիսի 10-ին ազատվել է, ու այդ երեք տարվա ընթացքում ոստիկանապետի դուստրն առհասարակ ծառայության չի ներկայացել, ծառայողական պարտականությունները չի կատարել:

Ըստ քրգործի՝ Լեւոն Երանոսյանը քաջատեղյակ է եղել, որ ոստիկանապետի դուստրն ավելի քան երեք տարի՝ 2015 թվականի մարտի 7-ից մինչեւ 2018 թվականի մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում, ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չի կատարել, սահմանված կարգով ծառայության չի ներկայացել ու չի ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ։ Արդյունքում վերը նշված ժամանակահատվածում Յ. Գ.-ին, որպես աշխատավարձ, պարգեւատրումներ, արձակուրդային գումարներ, փաստացի վճարվել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 8 մլն 838 հազար դրամ, վերջինս էլ, աշխատանքի չհաճախելու եւ ծառայողական պարտականությունները փաստացի չկատարելու պայմաններում, ստացել եւ կանխիկացրել է իրեն որպես աշխատավարձ, պարգեւատրումներ, արձակուրդային վճարներ տրամադրված գումարները:

Նշենք, որ այս գործով դեռ 2020 թվականի հունիսին մեղադրանք էր առաջադրվել Լեւոն Երանոսյանին։ Այն ժամանակ Գասպարյանի դստեր նկատմամբ քրեական հետապնդում դեռ հարուցված չէր։ Այսօր դատախազությունը կամ անձամբ տիկին դատախազը որոշել է նրա նկատմամբ եւս քրեական հետապնդում հարուցել, մեղադրանք առաջադրել ու գործն ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե, որ խափանման միջոց ընտրվի։

Լեւոն Երանոսյանը Հրապարակի հետ զրույցում նշել է, որ ինքն այս գործով գտնվում է դատական գործընթացի մեջ, դատարանում ինչ պետք է՝ ասել է, ամսի 19-ին էլ նորից նիստ է նշանակված, այդ օրն էլ կասի։ Մեր հարցին, թե ինչու Գասպարյանի դուստրն աշխատանքի չի հաճախել, Երանոսյանն ասաց, թե ինքը տեղյակ չի եղել՝ նա հաճախե՞լ է աշխատանքի, թե՞ ոչ։ «Ես չգիտեմ՝ աշխատանքի հաճախել է, չի հաճախել, ես ի՞նչ իմանամ։ Դա իմ իրավասությունների մեջ չէր մտնում։ Այսինքն՝ ես պիտի գնայի սենյակները նայեի՝ Գասպարյանի աղջիկը գործի գալի՞ս ա, թե՞ չէ»,-ասաց նախկին փոխոստիկանապետը։

- Բայց Ձեր ենթակայության ներքո է աշխատել նախկին ոստիկանապետի դուստրը, Ձեզ չպե՞տք է հետաքրքրեր՝ Ձեր ենթակաները պատշաճ կատարո՞ւմ են իրենց պարտականությունները, թե՞ չեն կատարում։

- Բայց ես ի՞նչ իմանայի՝ գործի գալի՞ս ա, թե՞ չէ։

- Բա ո՞վ պետք է իմանար։

- Համապատասխան ծառայություններ կային, բան կար․․․ Ես հո չէի՞ գնալու դուռը բացեի, տեսնեի՝ Վովայի աղջիկը գործի գալի՞ս ա, թե՞ չէ։

- Իսկ Վովա Գասպարյանի դուստրը որեւէ արտոնություն ունեցե՞լ է ոստիկանությունում՝ որպես ոստիկանապետի դուստր։ 

- Ի՞նչ արտոնություն կարար ունենար։ Իմ համար տարբերություն չկա՝ Վովայի աղջիկը կլիներ, թե ուրիշ մեկի աղջիկը կլիներ, դա ի՞նչ կապ ունի՝ ում աղջիկն է։

- Ձեզ է՞լ են այս 8 մլն դրամի չարաշահման գործով մեղադրում, թե՞ պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանք է առաջադրվել։

- Էդ 8 միլիոնը մուծվել ա։ Էն ժամանակ ասացին՝ մուծեք, կկարճենք, բայց չկարճեցին։ Այսինքն՝ ասել են, որ փողը մուծելու դեպքում գործը կարճվելու ա։ Իսկ իմ մեղադրանքը նույնն ա մնացել՝  պաշտոնեական դիրքի չարաշահում։

- Իսկ ո՞ւմ կողմից է մուծվել՝ Ձե՞ր, թե՞ Գասպարյանի դստեր։

- Գասպարյանի դստեր կողմից է մուծվել, ես տեղյակ էլ չեմ եղել, հետո են ինձ ասել հատուկ քննչականից, որ փողը մուծված է։ Իսկ ինչ մնում ա՝ աշխատանքի հաճախել-չհաճախելը, ես պարտավոր չէի իմանալ։ Էդ դեպքում, ասենք, 2 հազարից ավելի մարդ կար, դա իմ գործառույթը չէր, որ ես իմանայի՝ ով էր գործի գալիս կամ ով գործի չէր գալիս։

--00—ԱՊ