ԱԺ պատգամավորները Լեհաստանում ներկայացրել են ՀՀ տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքները

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

․

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներ Հռիփսիմե Գրիգորյանի, Մարիա Կարապետյանի ու Սարգիս Խանդանյանի հետ նոյեմբերի 24-28-ն աշխատանքային այցով եղել են Վարշավայում՝ Լեհաստանի Հանրապետությունում:

Այցի շրջանակում Վարշավայում հանդիպումներ են ունեցել Լեհաստանի Հանրապետության Սեյմի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռադոսլավ Ֆոգելի ու Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակի հետ, ինչպես նաեւ Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխի եւ հանձնաժողովի անդամ Մարեկ Պլուրայի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Ուկրաինայում ծավալվող իրադարձությունները, մասնավորապես, Լեհաստանի Հանրապետություն ուկրաինացի փախստականների հոսքի ծավալները և այս համատեքստում տնտեսական մարտահրավերներն ու դրանք հաղթահարելու հնարավորությունները:

«Մանրամասներ եմ ներկայացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի և դրա հետևանքների վերաբերյալ:

Կարևորվել է ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատվիրակների չորրորդ նիստի անցկացումը Հայաստանում՝ ԵԱՀԿ տարածաշրջանում ընթացիկ անվտանգային սպառնալիքների զսպման գործընթացում երիտասարդ քաղաքական գործիչների եւ խորհրդարանականների դերակատարության տեսանկյունից:

Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը, հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին առնչվող հարցեր:

ԱԺ գործընկերներիս հետ ընդգծել ենք Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների ու այլ պահվող անձանց հայրենադարձության և Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պաշտպանության կարեւորությունը»,-գրել է նա:

--00--ԱՀ