Հայաստանի սահմանը հատած Թուրքիայի քաղաքացին դատապարտվել է 9 ամիս ազատազրկման

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

5

Հայաստանի պետական սահմանը հատած Թուրքիայի Հանրապետության քաղաքացի Աթայ Բիլայը դատապարտվել է 9 ամիս ազատազրկման։ Այս մասին 24News-ը տեղեկանում է Դատական «DataLex» տեղեկատվական համակարգից։ Թուրքիայի քաղաքացուն մեղադրանք էր առաջադրվել հանցանքը կատարելու պահին գործող, 2003 թվականի օգոստոսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի (Պետական սահմանն ապօրինի հատելը) 1-ին մասով (առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով)։

Մեղադրական եզրակացության համաձայն՝ Աթայ Ահմեդի Բիլալին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության ապօրինի հատել է ՀՀ պետական պահպանվող սահմանը 2022 թվականի հունվարի 8-ին՝ ժամը 18:54-ի սահմաններում։

«Շրջանցելով ՀՀ սահմանային անցակետերը, հետիոտն անցնելով հայ-թուրքական սահմանով հոսող Արաքս գետը և Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերի՝ Արարատի մարզի վարչական տարածքում տեղակայված թիվ 2392 զորամասի 4-րդ սահմանապահ ուղեկալի կողմից հսկվող տարարածքում հաղթահարելով ինժեներատեխնիկական պատնեշը, ապօրինի՝ առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության, հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը, որտեղ և բռնվել է ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահների կողմից», - նշված է եզրակացության մեջ։

Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գառնիկ Ստեփանյանի վճռով Բիլայի պատժի կրման սկիզբը հաշվվելու է 2022 թվականի հունվարի 8-ից: Դատավճռում նշվում է, որ այն կարող է բողոքարկվել մեկ ամսում` ՀՀ վերաքննիչ քրեական դատարան: «Դատավճիռը չի կարող բողոքարկվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված հիմքերով»: Դատական ակտն ընդունվել է սեպտեմբերի 12-ին։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ