Ավագանու անդամների հակասական կարծիքները՝ Երևանի ամանորյա զարդարման ծախսերի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

24

Մայրաքաղաք Երևանում ամանորյա զարդարանքի ծախսերի համար համայնքային բյուջեից ծախսվել է մոտ 192 միլիոն դրամ։ Այս մասին 24News-ին ասաց Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչություն պետի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Սարդարյանը։

Անդրադառնալով հարցին՝ արդյոք պետական միջոցների առավել առաջնային և արդյունավետ տեղաբաշխման խնդիր չկա՞, մասնավորապես՝ սահմանների, մարտական դիրքերի կահավորման վերաբերյալ, Սարդարյանը պատասխանեց․ «Մեկը մյուսի հետ կապ չունի։ Կահավորումն իրականացվում է Պաշտպանության նախարարության գումարով, սա՝ համայնքի գումարով»։

192 մլն դրամը կազմում է մոտ 480 հազար կամ շուրջ կես մլն ԱՄՆ դոլար։

Այս թեմայով Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը 24News-ին ասաց, որ առաջնային են մարտական դիրքերի կահավորումը, զինծառայողներին սպառազինությամբ, հագուստով ապահովումը։

«Ինքս կողմ եմ, որ չլինի շքեղ Նոր տարի, այլ լինի մեր սահմանի զինվորի համար տաք հագուստ, անհարժեշտ կահավորանք։ Բայց մյուս կողմից հասկանում եմ, որ Հայաստանում Եվրատեսիլն է անցկացվում , Երևանը պատշաճ տեսքի է ուզում գալ, պատրաստվում է այդ միջոցառմանը», - նշեց Մանրիկյանը։

«Դեմ եմ նմանատիպ շքեղությանը, քանի դեռ մեր սահմանները կահավորված չեն, մեր զինվորներն ավելի տաք հագուստներով չեն, զինվորների՝ խրամատներում գտնվելն ավելի անվտանգ չէ», - հավելեց ԲՀ խմբակցության ղեկավարը։

Ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը 24News-ին ասաց, որ այս հարցով կա երկու տրամաբանություն։ «Տրաբանություն 1՝ որևէ այլ բանով չենք զբաղվում, ոչ մի տեղ ծախս չենք անում, անում ենք միայն պաշտպանական ծախս։ Դա մի տրամաբանությունն է, որն աշխարհի պրակտիկայում ես որևէ տեղ չեմ տեսել։ Նույնիսկ երկար տարիներ պատերազմող պետություններն անում են ընթացիկ, շարունակական ծախսեր», - ասաց նա։ Երկրորդ տրամաբանությունը, ըստ Խաժակյանի, Երևանը գրավիչ դարձնելն է։

«Երևան քաղաքը փորձում ենք դարձնել նաև զբոսաշրջիկների համար գրավիչ, առկա ներհոսքը փորձում ենք ավելացնել, որը կզարգացնի տնտեսությունն ու հնարավորություն կտա նաև հարկային հավաքագրումների տեսքով ավելացնել սպառազինությունը։

Հնարավոր է՝ մենք որևէ տեղ ծախս իրականացնենք, օր․՝ 200 մլն դրամի, բայց դրա տնտեսական էֆեկտը լինի բազմապատիկ ավելի։ Բնականաբար, 2-րդ մոտեցման կողմնակիցն եմ՝ լրջագույնս գնահատելով մեր մարտահրավերները։ Այդուհանդերձ, Հայաստանը՝ որպես պետություն, շարունակում է գործել, քաղաքները՝ որպես քաղաքներ, շարունակում են գործել։

Եվ մարդկանց բարեկեցությամբ զբաղվելու խնդիրը ես տարանջատում եմ մնացած բոլոր խնդիրներից։ Յուրաքանչյուր խնդիր ունի իր տեղը և պետք է համեմատենք համադրելիները», - պարզաբանեց «Լույս»-ի ղեկավարը։

Ավագանու անկախ անդամ Իզաբելլա Աբգարյանի խոսքերով, հնարավոր է ավելի համեստ գումարով ճաշակով ամանորյա զարդարանք ապահովել։

«Հիմա նայում եմ՝ ինչ են անում, տպավորություն է, որ պարզապես չգիտեն՝ փողը ոնց ծախսել։ Մի քանի օր առաջ էլ եմ նշել, որ ամոթ է պատերազմից հետո Երևանն իրեն նման շառայլություններ թույլ տա։ Իհարկե, դեմ եմ այս սարսափելի մեծ ծախսերին, համարում եմ ձևական։ Կրկնում եմ՝ հնարավոր է շատ ավելի համեստ, բայց ճաշակով ստեղծել տոնական տրամադրություն քաղաքում։ Թեպետ, կարծում եմ, որ այս անգամ ծախսը կապված էր Մանկական Եվրատեսիլը Երևանում անցկացնելու հետ, փորձում են ստեղծել միջավայր», - ասաց Աբգարյանը։

«Սակայն միջավայրը ստեղծել երևանցիների գրպանի հաշվին՝ ծախսելով այսքան գումար, համարում եմ անիմաստ, անմիտ շռայլություն», - հավելեց ավագանու անդամը։ Իսկ թե որքա՞ն գումարով հնարավոր կլիներ ապահովել Երևանի այլընտրանքային զարդարանքը, Աբգարյանն ասաց․ «Բավական է նայել` նախկինում որքան է ծախսվել։ Եվ անհամեմատելի է այն գումարի հետ, թե որքան է հիմա ծախսվում»։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ