Վարորդները պատշաճ չեն իրազեկվում Հրազադանի կիրճում փակ ճանապարհահատվածի մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

H

Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն առավոտյան փակել էին Մանկական երկաթուղու թունել չհասած ճանապարհը՝ անհնար դարձնելով դեպի Ուրուգվայի հրապարակ դուրս գալու հնարավորությունը։ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցը խցանման մեջ հայտնված տասնյակ մեքենաների վարորդներին պարզաբանում է՝ Մանկական երկաթուղու հարակից թունելում վարժանք է։

Ինչու պատշաճ չեն իրազեկել հարցին վստահ պատասխանում են՝ իրազեկել են։ Մինչդեռ ո՛չ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքում, ո՛չ ՀՀ ոստիկանության կայքում պաշտոնական լրահոս բաժնում որևէ ծանուցում չկա ո՛չ վարժանքի և ո՛չ էլ ճանապարհահատվածի փակ լինելու մասին։

Երևանի քաղաքապետարանի կայքում կա տեղեկություն վարժանքի մասին՝ «Նոյեմբերի 30-ին, ժամը 11:00-ին մանկական երկաթուղուն հարակից թունելում (հասցե՝ Ձորափի փողոցի 139 ) անցկացվելու է «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կատարումը թունելում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում կիրառվելու են ծխագլանակներ»։

 

Կարելի՞ է սա համարել պատշաճ իրազեկում վարորդների համար, երբ հաղորդագրության մեջ որևէ ակնարկ չկա փակ փողոցի մասին, այն դեպքում, երբ օրինակ մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված փակ փողոցների մասին թե՛ Երևանի քաղաքապետարանի, թե՛ Ոստիկանության կայքերի ծանուցումներում անպայման նշվում է ժամանակահատվածը և փակ փողոցի անունը։

Ի դեպ, սա Մանկական երկաթուղու հարակից թունելի ճանապարհահատվածն առանց պատշաճ իրազեկելու փակելու առաջին դեպքը չէ, շաբաթներ առաջ նույնպես նմանօրինակ իրավիճակ էր, միայն մեկ տարբերությամբ՝ ՃՈ աշխատակիցը ներողություն խնդրեց ստեղծած անհարմարության համար։

--00—ԻԴ