Ես և՛ Ռոբերտ Քոչարյանին եմ տեղյակ պահել մեր որոշման մասին, և՛ երրորդ նախագահին․ Վահե Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

Vahe-Hakobyan-3-580x427-1.jpg

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ «Հայաստան» խմբակցության սյունիքյան թեւի՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցության երեք անդամները՝ Վահե Հակոբյանը, Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը, երեկ հայտարարեցին մանդատներից հրաժարվելու մասին։ Նրանք, իհարկե, վաղուց էին կտրվել խմբակցությունից, վերջին նստաշրջանում էլ առհասարակ չգնացին խորհրդարան՝ ի տարբերություն իրենց խմբակցության մյուս անդամների, ովքեր որոշեցին վերադառնալ եւ աշխատել այստեղ։ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանն իրենց ֆեյսբուքյան էջերում գրառումներ արեցին, թե ստեղծված իրավիճակում նպատակահարմար չեն համարում իրենց գործունեության շարունակումն այս խորհրդարանում։

«Ստեղծված իրավիճակն անհամատեղելի է մասնագիտական գործունեության վերաբերյալ իմ մոտեցումների եւ գոյություն ունեցող խնդիրների լուծման նկատմամբ ունեցածս պատասխանատվության հետ»,- գրել է Հռիփսիմե Ստամբուլյանը՝ շնորհակալություն հայտնելով Ռոբերտ Քոչարյանին ու «Հայաստան» դաշինքի գործընկերներին եւ նրանց հաջողություններ մաղթելով խորհրդարանական աշխատանքի ընթացքում:

Իսկ Վահե Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Մեր այս որոշումը որեւէ հակադրման կամ խմբակցության ներսում գլոբալ որեւէ խնդրի արդյունքում չի ծնվել։ Էստեղ շատ ավելի պարզ է ամեն ինչ, որ խմբակցության մեր գործընկերներն այն մոտեցումները որդեգրեցին, որ պետք է վերադառնան խորհրդարան եւ ինչ-որ չափով շարունակեն բնականոն աշխատանքը։ Մեր կուսակցության ներսում տեղի ունեցած քննարկումների ընթացքում ավելի շատ մնացինք այն կարծիքին, որ բոլոր այն խնդիրները, հրատապ հարցերը, որոնք առկա են բոյկոտ հայտարարելու ժամանակ, մեզ համար շարունակում են մնալ առավել քան արդիական։ Սա է իրականությունը»։

- Ռոբերտ Քոչարյանի հետ հարաբերություններն ինչպե՞ս են, տարաձայնություններ ունե՞ք, տեղեկություն կա, որ նա դժգոհ է Ձեզնից:

- Ոչ, որեւէ տարաձայնություն չկա, շատ լավ են։

- Իսկ նրա հետ խորհրդակցել կամ տեղյակ պահե՞լ եք Ձեր որոշման մասին, ինչպե՞ս է արձագանքել։

- Իհարկե, ե՛ւ իրեն եմ տեղյակ պահել, նաեւ խորհրդում ենք դա քննարկել, նաեւ երրորդ նախագահին եմ տեղեկացրել դրա մասին, քանի որ իրենք են հանդիսանում մյուս ընդդիմադիր ուժը խորհրդարանում, եւ տեղեկացրել եմ նրանց, ում գտել եմ նպատակահարմար։

- Սերժ Սարգսյանի արձագանքն ինչպիսի՞ն է եղել։

- Նույնկերպ՝ հարգելով մեր որոշումը։

- Հիմա Դուք ինչպե՞ս եք պատկերացնում խորհրդարանում ձեր գործընկերների աշխատանքը, պայքարը, ձեր պայքարը՝ արդեն խորհրդարանից դուրս։

- Մենք ունենք, իհարկե, մեր ծրագիրը, մանրամասների մասին թույլ տվեք հիմա չբարձրաձայնել, շատ շուտով Դուք ամեն ինչի մասին կտեղեկանաք։

- Դրանո՞վ էր պայմանավորված, որ դուք այս նստաշրջանին չմասնակցեցիք։

- Այո, միանշանակ՝ դրանով էր պայմանավորված։

- Իսկ սա չի՞ նշանակում, որ «Հայաստան» դաշինքը փաստացի պառակտվում է։

- Բացարձակապես ոչ։ Եթե մենք չդնեինք մանդատներն ու դուրս գայինք ֆրակցիայից, այդ դեպքում կարող էիք խոսել պառակտման մասին։ Բայց մենք մանդատները դնում ու դուրս ենք գալիս եւ շարունակում ենք մեր պայքարն արդեն արտախորհրդարանական դաշտում, ինչը որեւէ կերպ չի կարող խոսել պառակտման մասին։

- Եթե փողոցային պայքար լինի, դուք նորից դուրս կգա՞ք փողոց՝ «Հայաստան» դաշինքի հետ համագործակցելով։

- Մենք համագործակցելու ենք ոչ միայն դաշինքի հետ, այլ նաեւ բոլոր այն առողջ ուժերի հետ, որոնք առկա են, որոնք կձեւավորվեն ապագայում։ Բոլորի հետ, ում նպատակները բարի են եւ անկեղծ։

- Ամեն դեպքում, «Հայաստան» դաշինքը բաղկացած էր քաղաքական առումով երկու կուսակցությունից՝ Դաշնակցություն եւ «Վերածնվող Հայաստան»։ Այս պահին դաշինքում փաստացի մնաց միայն Դաշնակցությունը։ Դա չի՞ նշանակում, որ դաշինքը քաղաքական առումով թուլացավ։

- Ոչ։ Նախ՝ սկսենք նրանից, որ դաշինքը ձեւավորվել է նախընտրական փուլում, եւ հետո ինքնաբերաբար ինքը դառնում է արդեն խմբակցություն, երբ մտնում է խորհրդարան։ Հիմա մենք դուրս ենք եկել խմբակցությունից եւ Ազգային ժողովից, իսկ «Հայաստան» խմբակցությունը շարունակում է մնալ ԱԺ-ում նույն քանակի պատգամավորներով։

- Ի դեպ, ձեր այս քայլը կարող է ընկալվել որպես իշխանությունների շահերից բխող քայլ, նրանք կուրախանան, որ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները հերթով մանդատները դնում՝ դուրս են գալիս, ինչից թուլանում է ընդդիմությունը։

- Հա, բայց ո՞վ է ասել, որ ԱԺ-ն այն հարթակն է, որ միայն այնտեղ է պետք պայքարել։ Էդ պարագայում ինձ բացարձակ մեկ է, թե ինչ են մտածում իշխանությունները։ Մենք շարժվում ենք բացառապես մեր դրդապատճառներով, մեր օրակարգով եւ մեր որոշումներով։

- Իսկ Դուք իշխանությունների հեռացման հեռանկար տեսնո՞ւմ եք այս պահին, նոր պայքար, նոր թափ՝ խորհրդարանում կամ խորհրդարանից դուրս։

- Այո, տեսնում եմ՝ ե՛ւ ԱԺ-ի ներսում, ե՛ւ ԱԺ-ից դուրս։ Եվ, առհասարակ, բոլոր էն հարթակներում, որտեղ մենք կարող ենք պայքարել, պետք է պայքարել․ ես ընդլայնված ընդդիմության մասին եմ խոսում, անկեղծ ընդդիմության, ոչ թե ծաղրածուների, որոնք, էսօր տեսել եք՝ ինչ քանակի են հայտնվել, ու վաղը, մյուս օրը, համոզված եմ՝ նույնպես հայտնվելու են։

- Խորհրդարանո՞ւմ են Ձեր նշած այդ ծաղրածուները։

- Չէ, խորհրդարանում չկան։

- Իսկ ինչո՞ւ են ձեր կուսակցությունից հեռացել Աննա Գրիգորյանն ու Արթուր Սարգսյանը։

- Ես այդ մասին արդեն տվել եմ մեկնաբանություն, հիմա նորից կկրկնեմ, որ Աննա Գրիգորյանն ու Արթուր Սարգսյանը վաղուց մեր կուսակցության անդամ չեն»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

--00—ԶՀ