22-ամյա բնակչի խուզարկությամբ 10 փաթեթ մարիխուանա է հայտնաբերվել, Տելեգրամով վաճառք է իրականացրել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

Ոստիկանությունը շարունակում է ապօրինի թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը: Հերթական բացահայտումն արձանագրեցին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 5-րդ՝ անձի սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները։

Նոյեմբերի 25-ին, օպերատիվ տվյալներն իրացնելով, նրանք մետրոյի «Սասունցի Դավիթ» կայարանի մոտակայքում հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Էրեբունու բաժին են տարել մի երիտասարդի։ Եղբայրության փողոցի 22-ամյա բնակչի խուզարկությամբ հայտնաբերվել է կպչուն ժապավեններով 10 փաթեթ՝ մոտ 18 գրամ ընդհանուր քաշով: Ըստ ձերբակալվածի՝ հայտնաբերվածը մարիխուանա է, ձեռք է բերել տելեգրամյան ալիքի միջոցով՝ տարբեր վայրերում տեղադրելու համար: Նա հավելել է նաև, որ 27 փաթեթ արդեն տեղադրել է:
Նույն օրը իրավապահները Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջանների տարբեր վայրերում գտել են երիտասարդի տեղադրած 27 փաթեթից 20-ը՝ մոտ 40 գրամ ընդհանուր քաշով։ Մնացած 7 փաթեթը, ամենայն հավանականությամբ, գնորդներն արդեն վերցրել էին:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

--00—ԼՄ