«Փաստ». Այս տարեվերջն էլ արտահերթերով «հարուստ» կլինի. Ինչ է նախատեսել իշխանությունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

պ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Դեկտեմբերի առաջին տասնօրյակում տեղի կունենա ԱԺ-ի՝ այս տարվա վերջին քառօրյան։ «Փաստ» թերթի խորհրդարանական աղբյուրի փոխանցմամբ, դրանով, սակայն, նստաշրջանի աշխատանքները չեն ավարտվի, քանի որ իշխանությունները նախատեսում են, բացի հերթական քառօրյան, ևս երկու, որոշ տեղեկություններով՝ անգամ երեք արտահերթ նիստ գումարել։

Մեր տեղեկություններով, արտահերթերի նման առատությունը պայմանավորված է նրանով, որ մինչև հունվարյան արձակուրդները կառավարության կողմից խորհրդարան ուղարկված և «անհետաձգելի» համարվող մի շարք նախագծեր արդեն սկսել են քննարկվել հանձնաժողովներում, և այս կերպ իշխանությունները նպատակ ունեն դրանք քննարկել ու դակել «ոտքի վրա», արագացված տեմպերով։

Ի դեպ, անկարևոր չէ նշել, որ սեպտեմբերից մեկնարկած նստաշրջանի գրեթե բոլոր քառօրյաների օրակարգերը, մեղմ ասած, բավականին թեթև էին. դրանցում սովորաբար ընդգրկված էին մոտավորապես 15-20 նախագիծ, որոնք «քննարկվում» էին ռեկորդային ինտենսիվությամբ, հաճախ առանց քննարկումների: Ավելին, որոշ քառօրյաներ տևում էին ընդամենը մեկուկես օր։ Հավելենք, որ, մեր աղբյուրների փոխանցմամբ, տարեվերջի արտահերթերում լինելու են մի շարք վարկային նոր համաձայնագրեր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00—ԻԴ