Եթե նայենք պատմական քարտեզները, գուցե պարզվի՝ և՛ ՀՀ, և՛ Ադրբեջանի տարածքները եղել են այլ երկրներինը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

444.thumb_.jpg

«Արմենպրես»-ին տված հարցազրույցում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն արձագանքել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծումն ու սահմանազատումը «պատմական քարտեզների» հիման վրա իրականացնելու մասին Բաքվից հնչող հայտարարություններին։

«Նման հայտարարությունները խախտում են Պրահայում և Սոչիում ստանձնած հանձնառությունը՝ երկու երկրների միջև սահմանազատման աշխատանքներն իրականացնել՝ հիմք ընդունելով ՄԱԿ կանոնադրությունը և Ալմա-Աթայի հռչակագիրը։

Այդ հանձնառության շրջանակներում սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն 1991 թվականի՝ ԽՍՀՄ փլուզման ամսաթվի դրությամբ գոյություն ունեցած և իրավական ուժ և նշանակություն ունեցած իրավական ակտերի հիման վրա, ընդ որում՝ նույն ամսաթվի դրությամբ քարտեզագրում իրականացնելու, քարտեզներ կազմելու և քարտեզներ հրապարակելու պատշաճ լիազորություններ ունեցող կառույցների պաշտոնական փաստաթղթերի հիման վրա»,- ասել է Արարատ Միրզոյանը:

Ըստ այդմ, նրա խոսքով, «պատմական քարտեզների» մասին խոսելն առնվազն անհասկանալի է՝ և՛ ըստ սահմանման, և՛ ըստ բովանդակության:

«Պետք է ընդգծել նաև պատմական քարտեզների ընդհանրական հռետորաբանության վտանգավորությունը մեր երկրների անկախության համար, որովհետև եթե շեշտ դնենք պատմական քարտեզների վրա, կարող է պարզվել, որ և՛ Հայաստանի Հանրապետության, և՛ առավել ևս Ադրբեջանի Հանրապետության այսօրվա տարածքները դարերով եղել են այլ պետությունների տարածքներ»,- հայտարարել է Արարատ Միրզոյանը:

«Այս համատեքստում ևս մեկ հանգամանքի վրա կցանկանայի ուշադրություն հրավիրել. չնայած որ թե՛ 2021թ․նոյեմբերի 26-ի Սոչիի, թե՛ 2022թ․ ապրիլի 6-ի Բրյուսելի հանդիպման արդյունքներով ձեռք էր բերվել պայմանավորվածություն, որ հանձնաժողովների ստեղծումը նախևառաջ սահմանային անվտանգության նպատակ է հետապնդում, համապատասխան հանձնաժողովների ստեղծումից հետո՝ 2022թ սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության դեմ նոր ագրեսիա իրականացվեց և նոր տարածքներ օկուպացվեցին Ադրբեջանի կողմից, ինչը կասկածի տակ է դնում ոչ միայն պայմանավորվածությունները և միջազգային իրավունքը հարգելու Բաքվի ցանկությունը, այլև այդ հանձնաժողովների աշխատանքների նկատմամբ իր մտադրություններն առհասարակ»,- հավելել է նա:

 

--00—ԶՀ