Ալեքսանյանի կալանավորումը փոխարինելու միջնորդության մասով ԱԱԾ-ից դեռ պատասխան չկա

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

ք

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու մասին միջնորդագիրը դատախազությունն ուղարկել է ՀՀ ազգային անվտանգության ծառայություն։ Այս մասին 24News-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Նոյեմբերի 22-ին Ալեքսանյանի փաստաբան Զորայր Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել էր, որ միջնորդություն է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ իր պաշտպանյալին կալանքից ազատելու համար։ «Էրիկ Ալեքսանյանի դատավարական պարտականությունների պատշաճ կատարումն անձամբ երաշխավորելու պատրաստակամություն են հայտնել ՀՀ ԱԺ պատգամավորներ` Էլինար Վարդանյանը, Գառնիկ Դանիելյանը, Հռիփսիմե Ստամբուլյանը, Արգիշտի Գևորգյանը, Գեղամ Նազարյանը, Սեյրան Օհանյանը, Արծվիկ Մինասյանը, Արթուր Խաչատրյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Գեղամ Մանուկյանը, Թադևոս Ավետիսյանը, Աղվան Վարդանյանը, Ագնեսա Խամոյանը, Աննա Գրիգորյանը և Արամ Վարդևանյանը», - գրել էր նա:

Դատախազությունից հայտնեցին, որ հենց դիմելու օրը միջնորդությունն ուղարկվել է ԱԱԾ։ Զորայր Հարությունյանը 24News-ին ասաց, որ հավանաբար 1-3 օրից պատասխան կստանա այս միջնորդության վերաբերյալ։

Ինչ վերաբերում է Էրիկ Ալեքսանյանի հեռախոսը վերադարձնելուն, ապա պաշտպանն ասաց, որ ՀՀ փաստաբանների պալատի նախագահն ավելի վաղ դիմել էր գլխավոր դատախազին, սակայն վերջինիցս այն վերադարձնելու մասին մերժման գրություն էր ստացել։

«Ըստ էության, քննչական մարմինը զննելու է հեռախոսը, նրանում առկա, փաստաբանական գաղտնիք պարունակող տեղեկությունը չի պաշտպանվելու։ Պալատի նախագահը դիմել է նաև Եվրոպայի խորհրդի անդամ երկրների փաստաբանների միությանը։ Այնտեղից դեռ գործուն քայլեր չկան, սակայն խոսք են տվել միջամտել, որպեսզի փաստաբանական գաղտնիքը պաշտպանվի»,- ասաց Ալեքսանյանի ներկայացուցիչը։

Խոսելով այս թեմայով դատարան դիմելու հնարավորության մասին՝ Զորայր Հարությունյանն ասաց, որ կարող են դիմել, սակայն հնարավոր է արդեն ուշ լինի։ «Դատարանների ծանրաբեռնվածութունը հաշվի առնելով՝ կարող է ձգձգվել։ Քննչականը արդեն զննած, ավարտած կլինի, բողոքի արձանագրումն արդեն պոստ ֆակտում կլինի», - պարզաբանեց Հարությունյանը։

Հիշեցնենք, հոկտեմբերի 17-ին ԱԱԾ-ն դատարանում ձերբակալել էր դատավոր Արուսյակ Ալեքսանյանին և փաստաբան Էրիկ Ալեքսանյանին։ Քրեական վարույթը վերաբերում է «Ֆազ» մականունով հայտնի Սերգեյ Գրիգորյանի գործին։ Դատարանը որոշել էր գրավի դիմաց ազատ արձակել «Ֆազ»-ին՝ բավարարելով պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը։ ԱԱԾ-ն դատավորին մեղադրում է անարդար դատական ակտ կայացնելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։ Նույն վարույթի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Ալեքսանյանին՝ դատավորի լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու մեջ։ Արուսյակ Ալեքսանյանը և Էրիկ Ալեքսանյանը մեղադրանքները չեն ընդունում։

Ըստ նախաքննական մարմնի՝ «Ֆազը» դատավորի եղբոր ընկերն է։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ