ՀԱՊԿ շրջանակում ցանկալիին չենք հասել, քանի որ ՀՀ իշխանությունները միշտ անտեսել են այդ գործընկերներին

 

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

տ

ՀԱՊԿ-ի քաղաքական գնահատականով ադրբեջանական զորքն անմիջապես դուրս չէր գա, Ադրբեջանը լուրջ կորուստներ չէր ունենա, բայց դա կնպաստեր վերջինիս մեկուսացմանը։ Այս մասին 24News-ին ասաց «Կովկաս» ինստիտուտի ավագ գիտաշխատող, քաղաքագետ Հրանտ Միքայելյանը՝ անդրադառնալով՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին։

Նոյեմբերի 23-ին Երևանում տեղի ունեցավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովը՝ անդամ երկրների ղեկավարների մասնակցությամբ: Նախատեսվում էր, որ գագաթնաժողովը պետք է հռչակագիր ընդուներ։ ՀԱՊԿ պետություների ղեկավարների համատեղ նիստում ընդունվել էր 15 որոշում, և միայն երկուսն են վերանայման ուղարկվել, որոնցից մեկը, Հայաստանին էր առնչվում։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նեղ կազմով նիստին ասել էր, որ Երևանը ՀԱՊԿ-ից քաղաքական գնահատական էր ակնկալում։ Փաշինյանը նշել էր, որ դաշինքի՝ ադրբեջանական կողմի ագրեսիան դատապարտելու և Հայաստանի տարածքները բռնազավթելու մասին քաղաքական գնահատականի բացակայության պատճառով պատրաստ չէ ստորագրել հռչակագիրը, որը չընդունվեց։ «Քաղաքական հստակ գնահատականի բացակայությունը և վերը նշված որոշումը չկայացնելը կարող է նշանակել ոչ միայն ՀԱՊԿ-ի կողմից դաշնակցային պարտավորություններից հրաժարվել, այլև՝ Ադրբեջանի կողմից մեկնաբանվել որպես ՀԱՊԿ-ի կողմից կանաչ լույս Հայաստանի դեմ հետագա ագրեսիայի համար», - ասել էր նա։

«Կովկաս» ինստիտուտի ավագ գիտաշխատող Հրանտ Միքայելյանի խոսքերով, ՀԱՊԿ-ի քաղաքական գնահատականով հնարավորություններ կստեղծվեին հետագայում Ադրբեջանի վրա ճնշումը մեծացնելու համար․ «Ուրիշ բան, որ այն չպետք է լինի սկզբունքային ինչ-որ կետ՝ համաձայնություններ ձեռք բերելու համար։ Չեմ կարծում՝ ամենաբարձրը, որ կարող ենք գործընկերներից ստանալ, քաղաքական կարծիքն է։ Ավելին կարող ենք գործնականում ստանալ․ քաղաքականությունը հնարավորի արվեստ է»։

Իսկ ինչո՞ւ Հայաստանին չի հաջողվում ցանկալիին հասնել ՀԱՊԿ-ի շրջանակում, ապա ըստ Միքայելյանի՝ առկա են օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքներ․ «Օբյեկտիվն այն է, որ Ադրբեջանն ունի Թուրքիայի տոտալ աջակցությունը, ավելի լավ աշխարհագրական դիրք, նաև նավթ․ այս 3-ից Հայաստանը չունի։ Էլ չասած, որ թյուրքալեզու պետությունների հետ Ադրբեջանի հարաբերություններն ավելի սերտ են։ Սուբյեկտվին այն է, որ Հայաստանի իշխանությունները միշտ և հատկապես հիմա անտեսել են ՀԱՊԿ գործընկերներին։ Հակառակը, Ադրբեջանը կարողացել է ավելի լավ կումունիկացիա նրանց հետ ապահովել, գտնել ընդհանուր լեզու, առաջարկել իրեն ձեռնտու օրակարգ»։

Քաղաքագետի վարկածով, հռչակագիրն ընդունելու համաձայնություն ձեռք չբերելը գուցե եղել է ՀՀ իշխանությունների կողմից արհեստականորեն նշաձող բարձրացնելու հետևանքով․ «Որպեսզի չլինի պայմանավորվածություն, որպեսզի հռչակագիրը չստորագրվի։ Այս վարկածի հիմնավորումն այն է, որ չստորագրելու պատճառ բերվում է քաղաքական գնահատականի բացակայությունը։ ՀՀ իշխանությունները գործնական հարաբերություններ հաստատելու փոխարեն քաղաքական գնահատական են ակնկալում։

Ի դեպ, նույնը Իրանի հետ հարաբերություններում է, փոխարենը բարձրացվի միջպետական համագործակցության, այդ թվում՝ անվտագային ոլոտում հարցը։ ՀՀ-ն այնպիսի պայմաններում չէ, որ կարողանա այլ երկրներից պահանջել քաղաքական գնահատական»։

«Քաղաքական գնահատականի հետևից ընկնելը նշանակում է լինել Արևմտյան պարադիգմայում։ Սա Արևելքի հետ հարաբերություններում այնքան էլ օգուտ չի տալիս, ընդունված մոտեցում չէ։ Կարևոր չէ՝ դա միտումնավոր է արվում, թե անգիտակցաբար։

Գործընկերներին պետք է ճիշտ ճանաչել՝ ճիշտ հարաբերություններ կառուցելու համար։ Թե՛ ՀԱՊԿ-ում, թե՛ ասիական երկրների հետ հնարավոր չէ հասնել քաղաքական գնահատականներ տալուն։ Արևմուտքի համար դա ընդունելի է, որովհետև այդպիսին է այդ քաղաքակրթությունը։ Արևելքում հնարավոր չէ ՀՀ նպատականերին հասնել քաղաքական գնահատականների մասին խոսակցություններով», - եզրափակեց Հրանտ Միքայելյանը։

--00—ԱՊ