Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

Vachagan.jpg

«Հրապարակ» թերթը գրում է․ «Օրեր առաջ հայտարարվեց, որ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ, ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի նախկին տեղակալ Վաչագան Ղազարյանին՝ Սերժի Վաչոյին, հերթական մեղադրանքն է առաջադրվել։ Մեղադրյալների թվում է նաեւ Ղազարյանի կինը, ինչպես նաեւ նրանց պատկանող «Յանս» ռեստորանային համալիրի տնօրենը։ Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք նույն ռեստորանի հաշվապահ Սուսաննա Արիստակեսյանից «բռնություն գործադրելու սպառնալիքներով առանձնապես խոշոր չափերով շորթում» են կատարել։ 

Մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը։ Քրեական գործի հարուցման առիթ է դարձել «Յանսի» հաշվապահ Արիստակեսյանի դիմումը, ըստ որի՝ ռեստորանի տնօրենն աշխատակիցներից տեղեկացել է, որ հաշվապահը ռեստորանի եկամուտների մի մասը չի մուտքագրում դրամարկղ, եւ Վաչագան Ղազարյանն ու կինը, իմանալով այս մասին, սպառնալիքի ներքո պահանջել եւ ստացել են ենթադրաբար չմուտքագրված գումարը՝ 40 մլն դրամ, «իսկ պահանջը չկատարելու դեպքում սպառնացել են ոտնձգություն կատարել հաշվապահի եւ նրա որդու կյանքի ու առողջության նկատմամբ։ Արիստակեսյանը հարկադրված գրավադրել է իր ոսկյա զարդերը, մտերիմներից պարտքով վերցրել գումարներ, վաճառել բնակարանը եւ 2017 թ․ հունիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում հարազատների միջոցով նրանց փոխանցել պահանջված 40 մլն դրամը»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

Այս գործողությունները դատախազությունը որակել է շորթում։ Ինչ վերաբերում է Սուսաննա Արիստակեսյանի՝ ռեստորանի եկամուտները դրամարկղ չմուտքագրելուն, ապա այդ առիթով դեռեւս 2017-ին է հարուցվել քրեական գործ, որը 2021-ին կարճվել է՝ փաստերի բացակայության հիմքով, ինչից հետո էլ Արիստակեսյանը դիմել է իրավապահներին, թեեւ դա կարող էր անել նաեւ 2017-ին։

Վաչագան Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Ղազարյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, սակայն հարուցված քրգործի վերաբերյալ ինքն առայժմ դիրքորոշում չի հայտնի, քանի որ գործի նյութերին դեռեւս չի ծանոթացել, դիրքորոշում կհայտնի դրանց ծանոթանալուն պես»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

--00—ԶՀ