Ադրբեջանը մինչ օրս Հայաստանին չի վերադարձրել առնվազն 33 ռազմագերիների,պատանդների և այլ պահվող անձանց

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News

Երևանում տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը` Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ: Նախ տեղի են ունեցել պետությունների առաջնորդների դիմավորման և տեսալուսանկարահանման արարողությունները, այնուհետև Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի առաջնորդները նեղ կազմով նիստում քննարկել են օրակարգում ընդգրկված հարցերը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հիմնական ելույթում նշել է.

«Պետությունների հարգելի ղեկավարներ,

Վերջին շրջանում բավականին շատ մեկնաբանություններ են հայտնվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի պատմության վերաբերյալ։ Սակայն ես չեմ ցանկանում անդրադառնալ պատմական էքսկուրսի ժանրին, ոչ թե այն պատճառով, որ այս մասին ասելիք չունեմ, այլ այն պատճառով, որ այսօր ավելի կարևոր է ներկա իրավիճակի վերլուծությունը։

2020 թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերով ընդունվեց Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունը, որին հաջորդեցին բազմաթիվ փաստաթղթեր, հայտարարություններ, մեկնաբանություններ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր կետերի պահպանման անհրաժեշտության վերաբերյալ։

Սա ակնհայտորեն նշանակում է, որ եռակողմ հայտարարության ոչ բոլոր կետերն են պահպանվում, բայց այդպես էլ չի ասվում, թե ով և որ կողմը չի կատարում այդ կետերն ու պայմանավորվածությունները։

Այսօր ես կփորձեմ ամփոփել այս հարցը, քանի որ պետք է փաստեմ, որ այս մասին, ինչպես ասում են, փաթեթային ձևով խոսելու առիթ երբեք չի եղել։

Եռակողմ հայտարարության 1-ին կետում ասվում է. «Հայտարարվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարի մասին՝ 2020 թ. նոյեմբերի 10-ի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում»։

Նույն հայտարարության 3-րդ կետում ասվում է. «Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ՝ թվով 1960 զինծառայող՝ հրաձգային զենքով, 90 զրահավոր փոխադրիչ մեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա»։

Այս կետերը հստակ սահմանում են, որ կա, գոյություն ունի Լեռնային Ղարաբաղ, գոյություն ունի ԼՂ-ում շփման գիծ, գոյություն ունի Լաչինի միջանցք։ Շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է խաղաղապահ զորախումբ՝ ձևավորելով խաղաղապահների պատասխանատվության գոտի, և կողմերը մնում են իրենց դիրքերում, բացառությամբ Քելբաջարի, Աղդամի և Լաչինի շրջանների՝ համաձայն հայտարարության 2-րդ և 6-րդ կետերի:

Խախտելով այս կետերը՝ Ադրբեջանը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղը գոյություն չունի՝ ի հեճուկս փաստաթղթի, որը ստորագրել է այդ թվում` Ադրբեջանի նախագահը։

Խախտելով հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման, ինչպես նաև կողմերի՝ իրենց զբաղեցրած դիրքերում կանգ առնելու մասին վերոնշյալ պայմանավորվածությունը, Ադրբեջանն արդեն 2020 թ. դեկտեմբերին ապօրինի օկուպացրել է Լեռնային Ղարաբաղի Խծաբերդ և Հին Թաղեր բնակավայրերը, ինչպես նաև դրանց հարակից տարածքները։

Ադրբեջանը նմանատիպ օկուպացիա է իրականացրել նաև 2022 թ. մարտին՝ խախտելով շփման գիծը և ներխուժելով Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտի՝ Փառուխ գյուղի ուղղությամբ։ Ադրբեջանը գրեթե ամեն օր խախտում է հրադադարի ռեժիմը, այդ թվում՝ շփման գծում։

Հարկ է նշել, որ ռուս խաղաղապահների ներկայությամբ Խծաբերդ գյուղի օկուպացիայի ժամանակ Ադրբեջանը գերի է վերցրել 66 հայ զինվորի, նույնպես ռուս խաղաղապահների ներկայությամբ։ Այսինքն՝ այս երկու գործողություններն էլ տեղի են ունեցել ռուս խաղաղապահների ներկայությամբ։

Խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը, որտեղ ասվում է. «Իրականացվում է ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակում», Ադրբեջանը մինչ օրս Հայաստանին չի վերադարձրել առնվազն 33 ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց»,-իր ելույթում նշել է ՀՀ վարչապետը։

--00—ԻԴ