Մենք իրապես և անկեղծ նվիրված ենք խաղաղության օրակարգին. Ալեն Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

նկար

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 13-ին ողջույնի խոսքով ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատգամավորների նիստում: 

Դիմելով ներկաներին՝ ԱԺ նախագահը նշել է, որ 2018 թ. Թավշյա հեղափոխության շարժիչ ուժը երիտասարդությունն էր, որն իր ձայնը բարձրացրեց հանուն ժողովրդավարական արժեքների:

«Հեղափոխությունից հետո ժողովրդավարական արժեքները մեր հիմնական առաջնահերթությունն են. արդեն իսկ աշխարհում խոսվում է հայկական ժողովրդավարության մասին»,-ընդգծել է ՀՀ ԱԺ նախագահը:

Խոսելով քաղաքական դաշտում երիտասարդների ներգրավվածությունից՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ Միջխորհրդարանական միության 30 տարեկանից ցածր խորհրդարանականների սանդղակում Հայաստանը զբաղեցնում է երկրորդ տեղը: ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է  խորհրդարանական դիվանագիտությունը, ներառյալ՝ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը որպես ԵԱՀԿ տարածաշրջանում վստահությունն ամրապնդելու հարթակ:

Անդրադառնալով սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինուժի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ լայնամասշտաբ ագրեսիայի նոր փուլին՝ Ալեն Սիմոնյանը  նշել է. «Մենք իրապես և անկեղծ նվիրված ենք խաղաղության օրակարգին, որը Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի խաղաղ զարգացման ու համակեցության երաշխիքն է»:

ՀՀ ԱԺ նախագահը պատասխանել է երիտասարդ խորհրդարանականների հարցերին, որոնք, մասնավորապես, վերաբերել են խոսքի ազատության ամրապնդմանը, անվտանգային խնդիրների լուծմանը և ժողովրդավարական օրակարգի կետերին: 

--00—ԼՄ