Պեմզաշենում սպանությունների գործով կասկածյալը խոստովանել է կատարածը․ որոնվում է ևս մեկ անձ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

111222dd6615f1a978445d856e1da5c99afbf4.jpg

Պեմզաշեն գյուղի՝ 31-ամյա բնակչուհու և վերջինիս 11-ամյա դստեր և 8-ամյա որդու սպանության գործով ևս մեկ անձ է որոնվում։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։ 

Նշվում է, որ քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Շիրակի մարզային վարչության ու Արթիկի բաժնի ծառայողները՝ համագործակցելով իրավապահ մյուս կառույցների և ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողների հետ, բացահայտել են Պեմզաշենում կատարված սպանությունները:

Նոյեմբերի 12-ին՝ ժամը 19.10-ին, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները ոստիկանները ձերբակալել են Շիրակի մարզի 32-ամյա մի բնակչի: Նա ոստիկանությունում խոստովանել է կատարածը, ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմնին:

Բացի այդ, ոստիկանությունը ներկայումս համապատասխան որոնողական աշխատանքներ է տանում ևս մեկ անձի հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու համար: Նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է: Դեպքի մանրամասները՝ առաջիկայում:

--00—ԶՀ