Կրթության բյուջեն պետք է հետազոտության արդյունքում պլանավորվի,այլապես ստացվում է՝ գումարը քամուն տալ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

Տ

 

2021-22 թվականներին ԿԳՄՍ նախարարությանը տրված գումարի թերծախսում է եղել, ինչը նշանակում է, որ որոշ ծրագրեր կա՛մ թերի են իրականացվել, կա՛մ չեն իրականացվել։ Այս մասին 24News-ին ասաց կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը՝ անդրադառնալով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համար 2023-ին նախատեսված բյուջեին։

Այսօր ԿԳՄՍՆ-ն հայտնել էր, որ Ազգային ժողովում կայացել է ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որի ընթացքում քննարկվել է 2023 թվականի պետական բյուջեի հայտը:

«2023 թվականի բյուջեով ԿԳՄՍ նախարարության համար նախատեսվել է 250.03 միլիարդ դրամ, որը 23,5 միլիարդ դրամով ավելին է, քան 2022 թվականի հաստատված բյուջեն: Կրթության ոլորտին բաժին է ընկնում նախարարության բյուջեի 77 տոկոսը, գիտությանը՝ 12 տոկոսը, մշակույթին՝ 7 տոկոսը, սպորտին՝ 3 տոկոսը, երիտասարդությանը՝ 1», - նշվում էր ԿԳՄՍՆ տարածած հաղորդագրության մեջ:

Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանի խոսքերով, մի բան է բյուջեով նախատեսված գումարի տրամադրումը, մեկ այլ բան՝ արդյունավետ ծախսելը. «Եթե չենք կարողանում արդյունավետ ծախսել, ստացվում է, որ գումարը տալիս ենք քամուն։

Անցած տարի որոշակի խնայողություններ էին եղել և հետ վերադարձվեցին պետական բյուջե։ Դա նշանակում է, որ կոնկրետ ուղղություններով ծախսեր չեն արվել, կամ ծրագրերն ամբողջությամբ չեն իրականացվել։ Տեսնենք՝ այս տարին ինչպես կավարտվի, բայց այս պահի դրությամբ գիտենք, որ նույն վիճակն է կրթության ոլորտում։

Սա նշանակում է, որ 2023-ի բյուջեն պետք է շատ մանրամասն պլանավորել։ Եվ այն ուղղություններին մեծ գումարներ նախատեսել, որոնք դրա կարիքն ունեն»։ «Օրինակ՝ ասում են, որ ուսուցիչները կարող են գնալ կամավոր ատեստավորման, և իրենց աշխատավարձերը կբարձրանան։ Դա հենց այդ բյուջեի հաշվին է, չէ՞, տեղի ունենալու: Եթե ատեստավորման համար նախատեսված գումարը բաշխվի ուսուցիչների վրա, ի՞նչ վատ կլինի։ 

Եթե կառավարությունն ուսուցիչների աշխատավարձերը չի բարձրացնում, տնտեսում է, ինչ-որ գումարներ հետ է վերադարձնում բյուջե, ստացվում է, որ ընդամենը շոուի է նմանվում այդ կամավոր ատեստավորումը։

Եթե գումար կա, ավելի լավ է դա տալ և նպատակաուղղել ուսուցիչների փոքր-ինչ բարեկեցությանը, որը կբերի կրթության բարելավմանը», - ընդգծեց փորձագետը։

Հաջորդ խնդիրը, ըստ Մխիթարյանի, արտակարգ իրավիճակում դասապրոցեսի կազմակերպումն է. «Պանդեմիան ակնհայտ օրինակ է, սակայն այսքան ժամանակ անցավ, և մենք դեռևս չունենք պատրաստված ուսուցիչներ։ Չունենք պատրաստող ուսուցիչներ, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են դասընթացներ կազմակերպել, բարձրացնել կրթության արդյունավետությունը, եթե չենք կարողանում իրականացնել նորմալ դասընթացներ»։

Նա նշեց, որ խնդիրը միայն պանդեմիայով պայմանավորված չէր։ «Վերջին շրջանում մենք դասերը դադարեցրել էինք․ Ջերմուկից մինչև Գորիս։ Եվ ամբողջ այդ ուղղությամբ դասերը դադարեցվեցին, դրանից հետո վերսկսվեցին, բայց հեռավար, իսկ արդյունավետությունը նորից շատ ցածր մակարդակի վրա է։ Որովհետև այս ընթացքում կառավարությունը ոչինչ չարեց․ ո՛չ գումար ծախսեց ուսուցիչների վերապատրաստման, ո՛չ դպրոցների տեխնիկական հագեցվածության ապահովման, ո՛չ կարիք ունեցող աշակերտների տեխնիկայի տրամադրման ուղղությամբ։ Եվ այդ ուղղությամբ որևէ բան չի արվում», - ասաց կրթության փորձագետը։

Ատոմ Մխիթարյանը հույս հայտնեց, որ 2023 թվականի բյուջեն արդյունավետ կիրականացվի։ «Գումարները հատկացնելուց բացի, անհրաժեշտ է հաշվի առնել նաև կրթության ոլորտի պահանջներն ու կարիքները։ Եվ խորհուրդ կտայի՝ հետազոտություն անել, հետո բյուջեն պլանավորել։

Հիմա հարց՝ արդյոք այդ բյուջեն պլանավորելիս կրթության ոլորտի աշխատակիցների, դասախոսների, գիտական աշխատողների կարծիքը հարցրե՞լ են, իհարկե, ոչ։ Իսկ դա կարող է բերել արդյունավետության անկման, որը բոլորիս համար վատ է։ Որովհետև բոլորս մեր հարկերի միջոցով կազմում ենք բյուջեն, որպեսզի դա արդյունավետ ծախսվի ցանկացած բնագավառում, որպեսզի հասարակությունը հետագայում հետ ստանա այն բարիքները, այն դրական կողմերը, որոնք զարգացման համար անհրաժեշտ են», - եզրափակեց կրթության փորձագետը։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ