ՀՀ կառավարությունը տեղահանված արցախցիների համար բնակարանի ձեռքբերման ծրագրին կուղղի 2 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

․

Հայաստանում 2023 թվականին պետբյուջեով նախատեսվում է Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրին ուղղել 2 մլրդ դրամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը:

«2023 թվականին նախատեսվում է իրականացնել Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության միջոցառումը, որը հնարավորություն կտա Արցախի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքներին ձեռք բերել բնակելի անշարժ գույք կամ կառուցել անհատական բնակելի տուն: Այս ծրագրի համար 2023 թվականին բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամ»,-ասաց նախարարը:

Մկրտչյանը հիշեցրեց, որ 2022-ի հոկտեմբերին կառավարությունը լավարկել էր գործող որոշումը՝ ըստ որի, եթե տեղահանված ընտանիքն անշարժ գույք ձեռք բերի կամ կառուցի Հայաստանի Հանրապետության սահմանամերձ գյուղական բնակավայրում, ապա կստանա լրացուցիչ աջակցություն: Մասնավորապես, ձեռքբերման դեպքում կտրամադրվի հանրագումարային մինչև 14 մլն դրամ, իսկ կառուցապատման դեպքում՝ հանրագումարային մինչև 16 մլն դրամ՝ հիփոթեքային վարկի մայր գումարի մարման համար, տոկոսագումարների մարման համար՝ հանրագումարային մինչև 13 տոկոս:

Կատարված փոփոխությունների արդյունքում կսուբսիդավորվի նաև ձեռք բերվող կամ կառուցվող գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման համար գանձված գումարը:

--00--ԱՀ